Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինչպիսի՞ն էր Դավոս 2019-ը Հայաստանի համար

  Ինչպիսի՞ն էր Դավոս 2019-ը Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում հունվարի 22-25-ը կայացավ Դավոսի համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովը: Այս տարի Համաշխարհային տնտեսական համաժողովը հյուրընկալել էր 3000 պատվիրակի աշխարհի 114 երկրից: Դավոսի 49-րդ տարեկան համաժողովի մասնակիցների թվում էին պետությունների, խոշոր ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, գիտնականներ, հասարակական հայտնի գործիչներ։ Այս տարի Դավոսի տարեկան հանդիպման խորագիրն էր՝ «Գլոբալիզացիա 4.0. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»։ Իսկ համաժողովի շրջանակներում քննարկման հիմնական թեմաներն են եղել գլոբալ համագործակցության մարտահրավերները և թվային հեղափոխության բերած փոփոխությունները։

Հայաստանի Հանրապետությունը Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցում էր  3-րդ անգամ։ Առաջին անգամ ՀՀ-ն այս համաժողովին մասնակցել է 2009թ.-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությամբ, իսկ երկրորդ անգամ՝ 2018թ.-ին արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Այս օրերի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումներ է ունեցել մի շարք պետությունների, միջազգային կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ։ Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են հիմնականում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես, «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպման ժամանակ կարևորվել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով և վերջինս պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր և համագործակցություն հաստատելու գործում՝ հայտնելով, որ  առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Շինիչի Կիտաոկան ևս հայտնել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով: «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` ՀՀ-ում eBay-ի գործունեության հեռանկարները և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներ է ունեցել  Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ  Սումա Չակրաբարտիի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում, ինչպես նաև հայտնել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան` տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին:  Իսկ  «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ-ում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության,  «Գլոբալ Էներջի Սիմենս» ընկերության, ռուսաստանյան ՎՏԲ բանկի ղեկավարների հետ, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության  վերաբերյալ հարցեր։

Բացի մի շարք հանդիպումներից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել է «Եվրոպայի շրջադարձային պահը» խորագրի ներքո: Վարչապետը, որպես բանախոս, մասնակցել է նաև «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Պետք է նշել, որ Դավոսի տնտեսական համաժողովի կարևորությունը ու նշանակությունը բավականին մեծ է, քանի որ սա այն հարթակն է, որտեղ ֆորմալ և ոչ ֆորմալ պայմաններում տարբեր մայրցամաքների պետությունների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն շփվել, քննարկել հարցեր, ձեռք բերած պայմանավորվածություններ: Այս իմաստով, ՀՀ-ի մասնակցությունը համաժողովին, ըստ էության, կարևոր է նրանով, որ մեր երկիրն անմասն չի մնում ներկայիս համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ քննարկումներից և ավելին, հնարավորություն է ունենում բարձրաձայնելու նաև արդի հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետն ու դիրքորոշումը։  Բացի այդ, ինչպես և տեսանք, այս համաժողովն արդյունավետորեն օգտագործվեց նոր կապերի ձևավորման և ներդրումային ծրագրերի քննարկման տեսանկյունից։

Ամփոփելով, կարող ենք նշել, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում, նմանատիպ մեծամասշտաբ ձևաչափերում մասնակցությունը դառնում է հարթակ արտաքին աշխարհին սեփական տեսլականը ներկայացնելու համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս ձեռք բերելու պայմանավորվածություններ, որոնք  կարող են խթանել տարբեր պետությունների, միջազգային կառույցների և գործարար աշխարհի հետ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։

Աննա Չիչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]