Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը և հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին ԵԱՏՄ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային ներկայացրել է 2019թ. ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ Նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանից Հայաստանին է անցել 2019թ. հունվարի 1-ից, իսկ այժմ ՀՀ նախագահության գերակայությունների ազդարարմամբ, փաստորեն, նախանշվում են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ աշխատանքների իրականացումը մոտակա մեկ տարում համարվելու է կառույցի գերակայություն։

Վարչապետի ելույթից կարելի է փաստել, որ Հայաստանի նախագահության շրջանում, ըստ էության, կշարունակվի կառույցի առանցքային նպատակների և արդեն իսկ ձևավորված օրակարգի կյանքի կոչման տրամաբանությունը։

Առաջին հերթին դա վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճին և դրանց խոչընդոտների վերացմանը, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովմանը և այլն։ Այս առումով ՀՀ վարչապետն իր խոսքում կարևորեց հատկապես տրասնպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը զգալիորեն կնպաստի ոչ միայն ապրանքաշրջանառության աճին Միության անդամ երկրների միջև, այլև Միության արտադրանքի արտահանմանն այլ հավանական շուկաներ։ Կառույցի առանցքային նպատակների կյանքի կոչմանը կարող է նպաստել նաև անդամ պետությունների համապատասխան օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը, ինչը թույլ կտա նվազեցնել պետությունների և գործարար շրջանակների համար ներկայումս առկա խոչընդոտները։

2019թ․-ին Հայաստանի նախագահության առանցքային ուղղություններից կլինի էներգետիկ ոլորտը։ Դեռ 2018թ․ Միության անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագիրը, ինչը համարվում է ԵԱՏՄ-ի՝ մինչև 2025թ.-ի առաջնահերթություններից մեկը։ Նշենք, որ սա իրականում բավական երկարաժամկետ գործընթաց է, որն ուղղված է  ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունությանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

ԵԱՏՄ-ում օրակարգային առաջնահերթ խնդիրներից է տնտեսության թվայնացման գործընթացը։ Այս առումով, հաշվի առնելով Հայաստանի ներուժն ու հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մեր երկիրը կարող է զգալի ներդրում ունենալ թվային օրակարգի կյանքի կոչման գործում, ինչի արդյունքում նույնպես Միությունում էականորեն կնվազեն մաքսային և առևտրային խոչընդոտները։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս թվային օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ նշանակալի քայլեր են իրականացվել ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, այնպես էլ գործարար շրջանակների նախաձեռնությամբ։

Այս տարի ԵԱՏՄ-ի գործունեության առանցքային ուղղություններից կշարունակի լինել համագործակցությունը երրորդ երկրների և կազմակերպությունների հետ։ Այս ուղղությամբ ՀՀ վարչապետը կարևորել է, մասնավորապես, Իրանի և Չինաստանի հետ առկա համաձայնագրերի կյանքի կոչումը և Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ ընթացող բանակցություններում դրական արդյունքի արձանագրումը։ Անհրաժեշտ է նշել, որ հատկապես Իրանի հետ ԵԱՏՄ-ի փոխգործակցության սերտացման և համաձայնագրի ստորագրման գործում էական դերակատարություն է ունեցել հենց Հայաստանը, որն այդ բանակցություններում ձեռք բերած փորձը կօգտագործի Եգիպտոսի հետ համաձայնագրի պատրաստման գործընթացում, ինչն այս տարի, հավանաբար, ակտիվ փուլ կմտնի։

Վարչապետ Փաշինյանի նշած գերակայություններից առավել աչքի ընկավ կառույցի ներսում վստահության մակարդակի ամրապնդման անհրաժեշտությունը։ Բանն այն է, որ Միության անդամ պետությունների միջև առկա ցանկացած հակասություն, անուղղակիորեն կարող է վնասել ԵԱՏՄ շահերին, ինչպես նաև նախանշված օրակարգի լիարժեք կյանքի կոչմանը։

Ամփոփելով պետք է նշել, որ ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը բավական լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Այս առումով կարևոր է, որ Հայաստանը ցուցաբերի հավելյալ ակտիվություն և նախաձեռնողականություն, որոնք ինչպես միտված կլինեն ԵԱՏՄ նպատակների իրականացմանը, այնպես էլ կբարձրացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի դերակատարությունը և կընդլայնեն մեր երկրի տնտեսական հնարավորությունները։

Վարդուհի Հարությունյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ