Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավոսի տնտեսական համաժողով. Հայաստանն ընդլայնում է արտաքին քաղաքական կապերը

Դավոսի տնտեսական համաժողով. Հայաստանն ընդլայնում է արտաքին քաղաքական 
կապերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում սովորաբար առավելապես կարևորվում են գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումները, սակայն պակաս կարևոր չեն նաև տարբեր երկրների ղեկավարների միջև տեղի ունեցող քաղաքական շփումները, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել արտաքին քաղաքական կապերը և ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Այս տեսանկյունից, գործարար շրջանակների հետ ավելի քան մեկ տասնյակ հանդիպումներից զատ, կարևոր էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների ղեկավարների հետ, որոնք, եթե համեմատենք 2009 և 2018 թվականների համաժողովների շրջանակներում հայկական պատվիրակության ունեցած հանդիպումների հետ, առավել ակտիվ էին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Բելիգայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Լյուքենբուրգի, Սինգապուրի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ռուանդայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շրջանակներում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են գործարար կապերի ակտիվացման նպատակով բիզնես ֆորումների անցկացումը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները և այլն:

Օրինակ, Լեհաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Բացի այդ, հարաբերություններին նոր խթան հաղորդելու նպատակով Լեհաստանի վարչապետը ՀՀ վարչապետին հրավիրել է Լեհաստան: Ռուանդայի հետ բանակցություններում կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ Շվեյցարիայի հետ՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությունը: Սինգապուրի փոխվարչապետն էլ իր հերթին կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: Նա ՀՀ վարչապետին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը: Սինգապուրի և Եգիպտոսի առաջնորդների հետ քննարկվել են նաև ԵԱՏՄ շարջանակներում համագործակցության հնարավորությունները, իսկ, օրինակ, Նիդեռլանդների, Լիտվայի, Լեհաստանի հետ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Դատելով տարբեր երկրների ղեկավարների  հետ ՀՀ վարչապետի հանդիպումների ժամանակ հնչած պաշտոնական հայտարարություններից, կարող ենք փաստել, որ արտաքին աշխարհում ՀՀ ներկայիս իշխանությունների հանդեպ ձևավորել է դրական ֆոն, ինչը, նախևառաջ, դրսևորվում է ՀՀ հետ նրանց հետագա համագործակցության ընդգծված պատրաստակամությամբ: Ձևավորված այդ դրական ֆոնի մասին են խոսում նաև խորհրդարանական ընտրությունների և նոր կառավարության ձևավորման առթիվ տարբեր երկրներից ստացվող շնորհավորական ուղերձները: Դրանցում առկա են ոչ միայն դրական գնահատականներ Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ, այլ նաև արտահայտվում է պատրաստակամությունը՝ զարգացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները:

Վերջում կարևոր է նաև անդրադառնալ Դավոսի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Հնչող շահարկումների ֆոնին, կարևոր է փաստել, որ նախատեսվող բովանդակային բանակցություններին ընդառաջ, նման ոչ ֆորմալ հանդիպումները, որոնք արժանացել են այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավանությանը, կարող են նպաստել կողմերի միջև կառուցողական մթնոլորտի ձևավորմանը:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ նման ձևաչափով միջոցառումներին ՀՀ ակտիվ մասնակցությունը թույլ է տալիս ամրապնդել, ինչպես նաև ընդլայնել ՀՀ արտաքին կապերը, որին մեծապես նպաստում է նաև այս փուլում միջազգային հանրության՝ Հայաստանի հանդեպ ունեցած դրական վերաբերմունքը:

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]