Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մի խումբ գրողներ Բանակի տոնի առթիվ արժանացան մրցանակների

Մի խումբ գրողներ Բանակի տոնի առթիվ արժանացան մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը, ՀՀ պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ Ազգային Բանակի տոնի առթիվ մրցանակներ հանձնեց մի խումբ գրողների  գեղարվեստական արձակ, պոեզիա և այլ անվանակարգերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունն անցկացվեց  հունվարի 25-ին Հայաստանի գրողների միությունում:

«Բանակի 27-րդ տարեդարձին սա մեր լավագույն մասնակցությունը կարող է լինել գրական գործերով, աշխատանքներով: Գրողները միշտ իրենց գործերում խոսել  են   բանակ, պետականություն ունենալու բաղձանքի մասին: Բարեբախտաբար մենք այն ունեցանք»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ ժամանակակից գրողներն իրենց ստեղծագործություններով  մասնակցել են և բանակաշինությանը և պետականաշինությանը  և այսօր իրենց գործերով բորբոքուն են պահում հայոց զինագործ, զինավառ ոգին:

Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Գրիգոր Ջանիկյանին՝ «Սպարտակ՝ վիպասք 80-ամյա արծիվ-մահապարտի մասին» գրքի համար:

«Չնայած գրքի հեղինակը ես եմ, բայց մրցանակին արժանացել է գրքի հերոսը` Սպարտակ Մաթևոսյանը, որը մեծ վաստակ ու ներդրում ունի երկրի կյանքում: Նա սկսել է իր գործունեությունն այն տարի, երբ սկսվեց ազատագրական շարժումը. հրապարակում ցույցեր էին հողերի պահանջով: Երբ Վազգեն Սարգսյանը կոչ արեց մահապարտների գումարտակ կազմակերպել, 53-ամյա Սպարտակը թողեց իր հինգ աղջիկներին և կնոջը և կամավոր գնաց պատերազմ»,-պատմեց Գրիգոր Ջանիկյանը և հավելեց, որ 78 տարեկանում Սպարտակը կամավոր մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին  ու փառքով, պատվով վերադարձել տուն:

Երկրորդ մրցանակի արժանացան Հովիկ Գրիգորյանը «Արարատի կանչող լույսը» գրքի համար և Սաթենիկ Ղազարյանը մամուլում տպագրած պատմվածքների համար, երրորդ մրցանակը տրվեց Երվանդ Վարդանյանին՝ «Անհետացող դաշտերի քարտեզը» պատմվածքի համար և Սալբի Թաշճեանին «Վերջին այցելութիւն...» պատմվածքի համար:

Պոեզիա անվանակարգում առաջին մրցանակը ստացան Նոնա Պողոսյանը և Կորյուն Առաքելյանը բանաստեղծական շարքի համար: Երկրորդ մրցանակը հանձնվեց Գոհար Գալստյանին և Սուրեն Դավթյանին բանաստեղծական շարքի համար:

«Այս գործը նվիրել եմ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտին մասնակցած  զինվորների  հիշատակին: Նկարագրվում են նրանց հերոսական արարքները, առօրյան, կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա»,-ներկայացրեց Սուրեն Դավթյանը:

Անդրադառնալով մրցանակին` գրողը խոստովանեց, որ այն պարտավորեցնող է, ունի մեծ խորհուրդ: «Ի վերջո պատերազմը միայն կռվի դաշտում չէ, այն մեր կյանքում է, և գրողը զինվորներից մեկն է»,-եզրափակեց նա:

Նույն անվանակարգում երրորդ տեղի  մրցանակը տրվեց Սամուել Վեմին՝ «Ձմեռը երկնքում չի մնա» գրքի համար:

Հրապարակագրություն, գրաքննադատություն անվանակարգում մրցանակի արժանացավ Ռուզան Ասատրյանը «Վավերագիր» գրքի համար:

Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը տրվեց Ժաննա Հակոբյանին՝ «Հայի գենը» գրքի համար և Ֆելիքս Բախչինյանին՝ «Հոգին ավելին է, քան արտացոլանքը» հրապարակման համար:

Հատուկ մրցանակներ շնորհվեցին Արտեմ Հարությունյանին և Վարդան Հակոբյանին:

ԵԿՄ մրցանակը հանձնվեց Էդուարդ Խաչիկյանին:

Մրցանակաբաշխությանը մասնակցած մի խումբ հեղիակների տրվեցին խրախուսական մրցանակներ, մասնակցության համար մի քանի գրողի հանձնվեցին պատվոգրեր:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգերորդ անգամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]