Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ն կարող է ներդրում ունենալ ԵԱՏՄ միասնական թվային շուկայի ստեղծման ծրագրում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի համար առաջնահերթություն է միասնական թվային շուկայի ձևավորումը, և Հայաստանն այստեղ կարող է իր ներդրումն ունենալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայանալիք ելույթին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«ԵԱՏՄ-ի համար ամենակարևորը միասնական թվային շուկա ստեղծելն է: Սա այն ոլորտն է, որը Հայաստանում բավականին լավ զարգացած է, և այդ առումով մեր երկիրը կարող է սեփական ներդրումն ունենալ»,- ընդգծեց Իսկանդարյանը:
Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, կազմակերպությունը կշարունակի զարգանալ այնպես ինչպես զարգացել է մինչ օրս:
Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ դա նորմալ քաղաքական գործընթաց է:
«Խնդիրներ կան Ռուսաստանի և Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի, Ռուսաստանի և Ղրղզստանի միջև: Այդ դժվարությունները չեն կարող չլինել: Դա նորմալ աշխատանքային ֆորմատ է յուրաքանչյուր միությունում»,- հավելեց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում