Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանին հրավիրել են այցելել Իրան

Արարատ Միրզոյանին հրավիրել են այցելել Իրան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետեւողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը եւս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը:

Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել: Դեսպանը, արժեւորելով միջազգային հարթակներում Իրանի եւ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին:

Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարեւորել մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանումը եւ ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաեւ Մեղրիի եւ Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:

Դեսպանն Արարատ Միրզոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]