1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր 
կացարանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` շինության, որի նպատակներից է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը, ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում:

«Առաջին անգամ մուտք գործելով այս բարի տեսքով տնակը` շատ տպավորվեցի: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Բարի տնակ»-ին իմ ներկայությամբ, այն ամենով, ինչով,  հնարավոր է: Վստահ եմ` նախաձեռնությունը հաջող ապագա ունի»,-նշեց Նունե Սարգսյանը:

Նրա խոսքով` «Բարի տնակը» լուրջ գործունեություն է իրականացնում: «Հիմա աշխարհում հաշմանդամությունն այլևս թաքնված չէ, և հիվանդ, հաշմանդամ երեխաները չպետք է թաքնվեն, խուսափեն հասարակությունից: Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մոտեցումը պետք է փոխենք և համարենք, որ նրանք առողջ են ու մեր մասն են: Պետք է նրանց գրկել, ընդունել:  Կարևոր է խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն տալ, խնամել, քանի որ նրանք մենակ չեն կարողանա ապրել: Անհրաժեշտ է նրանց որևէ արվեստ կամ արհեստ սովորեցնել: Այդպես նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ և չմեկուսանալ»,-ընդգծեց Սարգսյանը:

Նախագահի տիկինը կարևորեց  Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման հարմարությունների ստեղծումը: «Մայթերը հարմար չեն, վերելակներ,  էսկալատորներ է պետք ավելացնել շինություններում, փողոցներում, անցումներում, որպեսզի նրանք հեշտությամբ շրջեն»,-հավելեց նա:

Հանդիպման ավարտին «Բարի տնակ»-ից նրան նվիրեցին երեխաների ձեռքով պատրաստված  գունազարդ  արկղիկ` նախատեսված թեյի և չրի համար: Այդ իրերը նաև վաճառվում են, և դրանց հասույթից ստացված գումարը տրամադրվում է «Բարի տնակի»  կառուցմանը:

Սարգսյանը խոստովանեց, որ թեյ, չիր շատ է սիրում և հաճույքով ընդունեց նվերը` խրախուսելով ստեղծագործ աշխատանքը, որը երեխաներին օգնում է չմեկուսանալ:

«Բարի մամա» կազմակերպության սոցիալական ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ բնակվում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք ունեն խնամքի և բուժման կարիք: «Այս պահին «Բարի տնակ» ժամանակավոր կացարանում ապրում է երկու բնակիչ. նրանք դեռ կավելանան: Կամավորական հիմունքներով մեզ մոտ աշխատող մասնագետները, ծանոթանալով և առնչվելով մեզ դիմած մայրերի և երեխաների խնդիրներին, որոշում են, թե նրանք որքան  ժամանակ կարող են անցկացնել այստեղ: Մասնագետները հոգեբանական աջակցություն են ցույց տալիս նաև ընտանիքի մյուս անդամներին»,-եզրափակեց նա:

«Բարի տնակը» գործում  է 2019 թվականի հունվարի 8-ից: «Բարի տնակի» հիմնական նպատակներն են մանկատանը բնակվող երեխաների համար կազմակերպել տարբեր թերապիաներ, ստեղծել ապաստան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող մանկատան սաների համար, որոնք տեղ չունեն գնալու, կազմակերպել մեկ-երկու շաբաթ տևող դասընթացներ այն մայրերի համար, որոնք պատկերացում չունեն հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի մասին:

Կառույցը միտված է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից և նրանց հանձնել մանկատուն, սակայն որոշակի ընտանեկան խնդիրների պատճառով հայտնվել են դրսում: 

«Բարի տնակը» կազմված է երկու շինություններից: Առաջինն արդեն պատրաստ է: Այն ներառում է վերականգնողական թերապիաների սենյակներ, իվենթ-հարթակ և մայրերի ապաստարան այն կանանց համար, ովքեր չեն ուզում լքել իրենց երեխաներին:

 Սերժ և Անժելա Թանկյանների նվիրատվության շնորհիվ մայիսին պատրաստ կլինի նաև փոքրիկ սրճարանը, խանութը և արտադրամասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]