1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիան՝ տնտեսական վերակառուցման և արաբական աշխարհ վերադարձի ճանապարհին

Սիրիան՝ տնտեսական վերակառուցման և արաբական աշխարհ վերադարձի 
ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտության համատեքստում ընթացող բուռն զարգացումների համատեքստում պաշտոնական Դամասկոսը զգալի հաջողություններ է գրանցում մի կողմից արտաքին, մասնավորապես, արաբական աշխարհի հետ հարաբերությունների վերականգնման, մյուս կողմից՝ երկրի վերակառուցման ճանապարհին:

Այս գործընթացի առաջին նշանները նկատելի էին դեռևս 2018թ. երկրորդ կեսից, երբ սկսվեցին տարբեր երկրների պատվիրակությունների ոչ պաշտոնական այցերը Սիրիա, որոնք նպատակ էին հետապնդում հող նախապատրաստել Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման համար: Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը որոշակի խթան հաղորդեց այս գործընթացին. Թրամփի հայտարարությունն ընկալվեց որպես Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման «կանաչ լույս», թեև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայն չէ Սիրիայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին արաբական երկրների որոշման հետ:

Վերջին շրջանում զգալի տեղաշարժեր են նկատվում ինչպես առանձին արաբական երկրների, այնպես էլ համաարաբական կառույցների հետ պաշտոնական Դամասկոսի հարաբերություններում: Ներկա փուլում Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ) Սիրիայի անդամության վերականգնման ուղղությամբ ջանքեր է գործադրում հատկապես Լիբանանը (շիական Հիզբոլլահ խմբավորումը), որին այս հարցում աջակցում են Հորդանանը, Իրաքը, Թունիսն ու Ալժիրը: Ավելին, արաբական մի շարք լրատվամիջոցների համաձայն՝ Սաուդյան Արաբիան, որը համարվում է արաբական աշխարհում սիրիական իշխանությունների գլխավոր հակառակորդը, հայտարարել է, որ չի խոչընդոտելու ԱՊԼ-ում Սիրիայի անդամության վերականգնմանը: Թեև Սիրիայի անդամության վերականգնման հարցում դեռևս միակարծություն չկա ԱՊԼ-ի բոլոր անդամների շրջանում, բայց ակնհայտ է, որ առաջիկայում (հնարավոր է՝ 2019թ. մարտին Թունիսում կայանալիք ԱՊԼ Գագաթաժողովի ժամանակ) որոշակի զարգացումներ այս ուղղությամբ, այնուամենայնիվ, տեղի կունենան:

Շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո` 2018թ. դեկտեմբերի վերջին, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը վերաբացել են իրենց դեսպանատները Դամասկոսում: Առանձին տեղեկությունների համաձայն՝ դեսպանատունը վերաբացելու իր մտադրության մասին հայտարարել է նաև Քուվեյթը: Ավելի վաղ՝ 2018թ. հոկտեմբերին, շուրջ երեք տարվա ընդմիջումից հետո Հորդանանը վերաբացել է Սիրիայի հետ սահմանը և Դամասկոսում իր դեսպանատունը, ինչը կարևոր քայլ էր մի կողմից Սիրիայի վերակառուցման գործընթացը, մյուս կողմից տարածաշրջանային տնտեսություն Սիրիայի վերադարձը խթանելու համար:

Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը զուգահեռ արաբական երկրների ղեկավարները պաշտոնական մակարդակով վերսկսել են իրենց այցերը և շփումները Դամասկոսի հետ: 2018թ. դեկտեմբերին կայացավ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի այցը Սիրիա, որը 2011թ. ի վեր առաջին արաբական երկրի ղեկավարի պաշտոնական այցն էր Դամասկոս: Հատկանշական է, որ այցի ընթացքում կողմերն ընդգծել են արաբական երկրների կողմից նոր մոտեցման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ միմյանց ներքին գործերին չմիջամտելու և ինքնիշխանությունը հարգելու սկզբունքը կնպաստի արաբական երկրների միջև հարաբերությունների բարելավմանը: Ուշագրավ է նաև հանգամանքը, որ արաբական մի շարք լրատվամիջոցների դիտարկմամբ՝ Սուդանի նախագահն իրականում միջնորդի դեր է իրականացնում մի կողմից Սիրիայի, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև, հետևաբար, Սուդանի նախագահի այցը Սիրիա պետք է դիտարկել նաև որպես այդ երկրների հետ համաձայնեցված և նրանց կողմից որոշակի ուղերձներ պարունակող քայլ: Նշենք նաև, որ արաբական մի շարք աղբյուրների համաձայն՝ առաջիկայում սպասվում է նաև Իրաքի նախագահի այցը Սիրիա:

Ինչ վերաբերում է Սիրիայի տնտեսական վերակառուցմանը, ապա պետք է նշել, որ սիրիական հակամարտության ավելի քան 8 տարիների արդյունքում Սիրիայի տնտեսության առանցքային ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են, և տարբեր հաշվարկների համաձայն՝ Սիրիային 200-400 միլիարդ ԱՄՆ դոլար է անհրաժեշտ հետպատերազմյան վերակառուցման համար, որը կարող է մինչև 15 տարի տևել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Իրանը էական դերակատարում են ունեցել Բաշար Ասադի իշխանության պահպանման համար, ակնկալվում է, որ հենց այդ երկրներն էլ հավակնելու են առանցքային ազդեցություն ունենալ Սիրիայի վերակառուցման գործընթացում: Դեռևս 2016թ. Սիրիայի նախագահը հայտարարել է, որ երկրի վերակառուցման հարցում առաջին հերթին հենվելու է և նախապատվությունը տալու է բարեկամ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի վրա, որոնք աջակցել են Դամասկոսին հակամարտության ընթացքում:

Այս տեսանկյունից հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ ներկա փուլում ականատես ենք լինում Իրանի և Ռուսաստանի միջև որոշակի մրցակցության Սիրիայի հետ առանձին հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: Կողմերը ձգտում են «պաշտպանել» սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում արված իրենց ներդրումները:

Ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի, որոնց ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են, Չինաստանը Սիրիայում գործելու ավելի մեծ հնարավորություններ ունի: Մասնավորապես, 2017թ. հայտնի դարձավ, որ Չինաստանը 2 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրելու Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման համար (ընդհանուր առմամբ երկու երկրների միջև կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը տարբեր տվյալների համաձայն հասնում է 10 միլիարդի), իսկ չինական Huawei ընկերությունը ծրագրում է զբաղվել Սիրիայի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնմամբ:

Հատկանշական է, որ Սիրիայի վերակառուցման գործընթացում առանձնահատուկ դերակատարում ստանձնելու ցանկություն է հայտնում նաև Թուրքիան: Պարզ է, սակայն, որ Թուրքիայի ներգրավման հարցը մեծապես կախված է լինելու Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման ընթացքից: Լրատվադաշտում պարբերաբար հայտնվող տեղեկությունների համաձայն Սիրիայում տնտեսական ներդրումների միոջոցով առավել ակտիվ դերակատարում ստանձնելու ցանկություն կա նաև Ծոցի երկրներում, բայց այս փուլում դեռևս որևէ հստակ պայմանավորվածություններ հայտնի չեն:

Ներկա գործընթացը զգալի հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի և Սիրիայի հայ համայնքի համար: Ընդ որում, հայ-սիրիական համագործակցությունն ակտիվացնելու հարցում առկա է երկուստեք պատրաստակամություն: 2018թ. դեկտեմբերին հայ գործարարների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը նշեց, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց մասնակցությունը Սիրիայի վերականգնման ջանքերում առավել գերադասելի է Դամասկոսի համար: Հետևաբար, այս փուլում հայկական կողմի նախաձեռնողականությունը կարող է իր զգալի նպաստը ունենալ Սիրիայի վերակառուցման գործընթացում ներգրավվելու և համապատասխան ոլորտներում համագործակցությունը հարթելու համար:

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]