Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Փաշինյանը Հայաստանի գլխավոր մարտահրավերն է համարում ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելը


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության գլխավոր մարտահրավերը ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դավոսում «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան քննարկումը վարող Մարտին Վոլֆի հարցի` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում մեկ ամիս առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ։ «Մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք, ու դրանցից ամենամեծը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է։ Գիտեք, որ երկար ժամանակ մեծ խնդիր ունեինք՝ կապված ընտրակաշառքի հետ։ Մարդիկ աղքատության պատճառով ստիպված էին ընտրակաշառք վերցնել։ Իհարկե, հեղափոխությունը մարդկանց ազատեց այդ պարտավորությունից։ Բայց հիմա մենք պետք է մեր քաղաքացիներին ավելի ուժեղ և անկախ դարձնենք տնտեսական առումով։ Գիտեք, որ կա փոքր, միջին բիզնես, բայց մենք պատրաստվում ենք ստեղծել նոր կատեգորիա, ինչպիսին միկրոբիզնեսն է, և ազատել նրանց հարկերից՝ հույսով, որ կկարողանանք խրախուսել մեր ժողովրդին, բացատրել մարդկանց, որ ոչ միայն կառավարությունն է պատասխանատու աղքատության հաղթահարման համար, այլ նաև իրենք պետք է ինչ-որ բան անեն»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ցանկանում են խրախուսել ժողովրդին, բայց իհարկե նաև ստեղծել իրական հնարավորություններ՝ պայքարելու սեփական աղքատության դեմ։ «Մեր գլխավոր մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է, և մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ