Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է կայունանալ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաճարակաբանական դիտարկման օրական տվյալների համաձայն` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է. հունվարի 23-ի դրությամբ` նվազել է հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1684: Հիվանդանոցներում հոսպիտալացված է 711 հիվանդ, որոնց 91.1%-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շատացել են նաև հիվանդանոցներից դուրս գրումները, այսօր դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 87 կանչ:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 23-ի դրությամբ` սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 330 երեխա (Երևան՝ 111, մարզեր՝ 219): Բոլորը տուն են ուղարկվել:
Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբ, բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում