Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Միջազգային հանրությանը հաջողվեց ճնշել Ադրբեջանի իշխանություններին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլհամ Ալիևի առաջարկությամբ՝ երկրի գլխավոր դատախազը հունվարի 22-ին քննչական մարմնին հանձնարարել է դադարեցնել երիտասարդ բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները սա փորձում են ներկայացնել որպես իշխանությունների կողմից իրականացված գթասիրտ քայլ, որոնք, ինչպես դատախազության որոշման մեջ է նշվում, հաշվի են առել «Մեհման Հուսեյնովի երիտասարդ տարիքը, խնամքի կարիք ունեցող հոր գործոնը, հանցագործության ոչ մեծ ծանրության և հասարակության համար սպառնալիքի բացակայությունը»: Ակնհայտ է, սակայն, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նման քայլի դիմելն այլ պատճառներ ունի:

Վերջին շրջանում բավական ակտիվացել էր միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակի, հատկապես, Մեհման Հուսեյնովի ձերբակալության հետ կապված: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը, այդ թվում՝ Մեհման Հուսեյնովի գործը քննարկվել է Եվրախորհրդարանի նիստում (ներկայացվել է նաև համատեղ բանաձևի նախագիծ), ԵԽԽՎ-ն այդ թեմայով անց է կացրել առանձին լսումներ, Հուսեյնովին ազատ արձակելու կոչով են հանդես եկել մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ (Human Right House Foundation, Reporters Without Borders և այլն):

Ավելին, Մեհման Հուսեյնովին ու մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով հունվարի 19-ին Բաքվում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որն իր մեծությամբ աննախադեպ է վերջին տարիներին: Ցույցի մասնակիցները հանդես էին գալիս «Ազատություն»,  «Վերջ դիկտատուրային», «Հրաժարական տվեք» կարգախոսներով: Հանրահավաքն անցկացվել է ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո, արգելափակվել է ինտերնետ կապը, և ցուցարարները զրկված են եղել սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու հնարավորությունից:

Ակնհայտ է, որ միջազգային հանրության քննադատության և աճող ներքին դժգոհության պայմաններում Ալիևի համար աստիճանաբար ավելի է դժվարանում լիովին վերահսկել հանրային տրամադրությունները: Եվ, փաստացի, այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով ներքին և արտաքին ճնշումներին, ստիպված եղան դադարեցնել Հուսեյնովի դեմ նոր քրեական գործի վարույթը (վերջինս, սակայն, ազատ կարձակվի միայն մարտի 2-ին, քանզի Բաքվի ոստիկանության շրջանային վարչության պետի հասցեին հնչեցրած զրպարտության մեղադրանքով դեռ 2017թ-ին դատապարտվել էր 2 տարի ազատազրկման): Հատկանշական է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Նմանատիպ ճնշումների արդյունքում 2018թ. օգոստոսին պայմանական ազատ արձակվեց նաև ընդդիմագիր ակտիվիստ Իլգար Մամեդովը:

Ակնհայտ է, որ այս միտումները չեն կարող չանհանգստացնել Իլհամ Ալիևին, ով տարիներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով կարողանում է պահել և ուժեղացնել սեփական իշխանությունը: Իլհամ Ալիևի կարգադրությունը Մեհման Հուսեյնովի գործի հետ կապված ոչ այլ ինչ էր, քան «պարտադրված» քայլ, որը կարող է որոշակիորեն հանդարտեցնել կրքերը և մեղմել քննադատությունը: Սակայն, որպեսզի բլոգերի գործի հետ կապված որոշումը հանրության շրջանում չընկալվի որպես «թուլություն», Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ դիմել են կանխարգելիչ քայլերի: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «բոլոր ապօրինի գործողությունները՝ ուղղված երկրի կայունության խախտմանը, վճռական կերպով կկանխվեն»: Իսկ դա նշանակում է, որ հունվարի 26-ին նախատեսվող ընդդիմության հանրահավաքը իշխանությունների կողմից կարժանանա բավական կոշտ հակազդեցության:

Գրետա Ավետիսյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ