Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ». 25 500 դրամից ցածր թոշակ չի լինի


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլը կլինի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Ազգային ժողովում գտնվող նախագծում նոր գործիքի՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության ներդնումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը, անդրադառնալով աշխատանքային կենսաթոշակների չափերի ավելացմանը, խոսեց «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացության, զինվորական աշխատանքային կենսաթոշակի մասին և ներկայացրեց վիճակագրական տվյալներ: 

-Տիկին Գալստյան,  օրենսդրությամբ, կսահմանվի «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունը՝ 25 500 ՀՀ դրամի չափով: Այսինքն՝ անկախ անձի աշխատանքային ստաժից, այդ գումարից ցածր կենսաթոշակ չի՞ կարող նշանակվել:

-Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ մենք նոր փաթեթ ենք մշակել, որտեղ կա կարգավորում, որ տրվում է նոր եզրույթ՝ «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»: Ըստ այդ փաթեթի մեկ այլ դրույթի՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը տրվում է Կառավարությանը:  

-Այս դեպքում կա՞ աշխատանքային ստաժի նվազագույն չափ:

-«Նվազագույն աշխատանքային կենսաթոշակ» հասկացությունն այս պարագայում կապ չի ունենա աշխատանքային ստաժի հետ: Սա պարզապես գումարի չափ է, որ Կառավարությունը պետք է սահմանի որպես ուղենիշ, որից ցածր կենսաթոշակ չի կարող նշանակվել: Ամենայն հավանականությամբ, կսահմանվի 25 500 դրամ: Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ: Օրինակ՝ քաղաքացին 63 տարեկան է և ունի առնվազն 10 տարվա ստաժ, ապա նա կարող է դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Գործող օրենսդրության համաձայն, այսօր մենք ունենք նաև 5 տարով նշանակված կենսաթոշակներ և այդ իրավունքը տվյալ անձանցից չի վերցվի: Կան նաև հաշմանդամներ, ումից ըստ տարիքի, ավելի ցածր ստաժ է պահանջվում: Հաշմանդամություն ունեցողների դեպքում, եթե նա 18-21 տարեկան է և ունի 1 տարվա աշխատանքային ստաժ, մենք նրան նշանակում ենք աշխատանքային կենսաթոշակ:

-Օրենքը դեռևս չի ընդունվել, սակայն հունվարի 1-ից սկսած դրանք պետք է ավելացվեն: Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից նախորդ ամիսներին պակաս գումար ստացած անձանց գումարներն ինչպե՞ս են փոխհատուցվելու:

-Նախագծում կա երեք կետ՝ առաջինը սահմանում է նվազագույն աշխատանքային կենսաթոշակի չափը, երկրորդը՝ Կառավարությունն է լիազորված սահմանել այդ չափը և երրորդ՝ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Նախագիծը հնարավոր է, որ ընդունվի, օրինակ՝ մարտ կամ ապրիլ ամիսներին, գուցե նաև մայիսին: Օրենքն ընդունվելու դեպքում ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից: Անկախ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ կվերահաշվարկվեն այն կենսաթոշակառուների թոշակները, ում աշխատանքային կենսաթոշակը ցածր է 25 500 ՀՀ դրամից և կավելացվեն 2019 թվականի հունվարի 1-ից, պակաս վճարված գումարները կվճարվեն միանվագ: Այսինքն՝ վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 18 000 դրամ և եթե նոր կարգավորումներն ուժի մեջ  մտնեն 2019 թվականի մարտին, ապա ապրիլ ամսվա 25 500 դրամ կենսաթոշակի հետ կենսաթոշակառուին կվճարվի նաև հունվար-մարտ ամիսներին պակաս վճարված 22 500 դրամը: Բանաձևն այսպիսին է՝ ((25500-18000)x3 ամիս):

-Տիկին Գալստյան, ո՞րն է եղել կենսաթոշակների բարձրացման նպատակը:

-Մշակելով այս փաթեթը՝ մենք նպատակ ենք ունեցել նվազեցնել կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը: Ելնելով դրանից՝ որպես աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերի ավելացման շարունակական գործընթացի առաջին քայլ՝ նախագծով առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել այդ նոր գործիքը՝ նվազագույն կենսաթոշակի չափը։

-Ընտրվել է երկու խումբ, որոնց զինվորական կենսաթոշակները հունվարի 1-ից բարձրացել են՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այս երկու խմբերը:

-Առաջին հերթին կցանկանամ նշել, որ այս խմբերն ավելացված աշխատանքային կենսաթոշակ են ստանում հունվարի 1-ից: Մնացած խմբերի համար որոշ բարձրացումներ կլինեն հետագայում: Օրենքով ամրագրված է, որ այս երկու դեպքում էլ կենսաթոշակի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, այդպիսով իրեն վերապահված լիազորություններով բարձրացրել է նրանց կենսաթոշակները:

-Քանի՞ շահառու կա այս խմբերից յուրաքանչյուրում և նախկինում որքա՞ն է կազմել նվազագույն կենսաթոշակի չափը:

-Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության 3-րդ խմբի զինվորական կենսաթոշակի չափը նախկինում եղել է 18 հազար դրամ: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահառուների թիվը 2598 է: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը նախկինում եղել է 24 000 դրամ, իսկ շահառուների թիվը նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 186 է: Երկու ծնողին կորցնելիս կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը մնացել է անփոփոխ՝ 80 հազար ՀՀ դրամ:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ