1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սփյուռքի և մշակույթի նախարարություններ ունենալու հարցում արվեստագետների տեսակետները տարբեր են

Սփյուռքի և մշակույթի նախարարություններ ունենալու հարցում արվեստագետների 
տեսակետները տարբեր են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և քանդակագործ Լևոն Թոքմաջյանը հակադիր կարծիքներ ունեն ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների հնարավոր կրճատման կամ դրանց այլ նախարարություններին կցելու վերաբերյալ: Ըստ Սամվել Կարապետյանի` նախարարությունները պետք է ընդլայնվեն ու համալրվեն: Թոքմաջյանի համոզմամբ` դրանք կարող են արդյունավետ աշխատել անգամ վարչության կարգավիճակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նրանք հայտնեցին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ըստ իս` Սփյուռքի նախարարության գոյության կենսական պահանջ կա: Այլ հարց է, որ այն պետք եղած արդյունավետությամբ չէր աշխատում, հետևաբար  անհրաժեշտ էր նախարարությունն ավելի հզորացնել,  կարգի բերել:  Այն պակաս բաժիններ ուներ: Եթե մի կառույց այնքան էլ լավ չի աշխատում, ոչ թե պետք է ուղղակի վերացնել,  այլ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է վատ աշխատում: Նույնը կասեմ նաև ՀՀ մշակույթի նախարարության մասին, որին ավելի մոտ եմ կանգնած եղել, համագործակցել այդ կառույցի հետ»,-նշեց Կարապետյանը:

Նա շեշտեց, որ Մշակույթի նախկին նախարարների հետ զրուցել է տարբեր հիմնախնդիրների մասին, նրանք կիսել են իր մտահոգությունները, բայց   գործնականում հարցերը լուծում չեն ստացել: «Մենք  ունենք հարևան չորս երկիր և միայն Իրանում են պետական մակարդակով քաղաքակիրթ վերաբերմունք ցույց տալիս մեր հուշարձանների նկատմամբ: Մյուս հարևան երկրների տարածքում հայկական հուշարձանները քողարկված կամ բացահայտ կերպով պետական ծրագրով ենթակա են ոչնչացման:  Ադրբեջանը մեր հուշարձանների վերաբերյալ հրատարակում է  նյութեր`  փորձելով հիմնավորումներ ներկայացնել այն մասին, որ  իբր դրանք ոչ թե հայկական են, այլ աղվանական»,-պատմեց հուշարձանագետը:

Նա հավելեց, որ վրացիները նյութեր են հրատարակում, որոնցում նշվում է, որ հայաստանյան գավառների հուշարձանները բացարձակ կապ չունեն հայերի հետ:

«Իմ պատկերացմամբ` ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ունենա բաժիններ,  որոնք պատասխան կտան այդ ոտնձգություններին: Մենք տոտալ հարձակման ենք ենթարկվում, բայց լռում ենք»,-եզրափակեց Կարապետյանը:

Ի տարբերություն հուշարձանագետի` Լևոն Թոքմաջյանն ասաց, որ ինքը դեմ չէ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դառնա վարչություն: «Թող դառնա վարչություն միայն թե աշխատի: Կարծում եմ` քանակը որակ չի ստեղծում: Թող լինեն յոթ կամ տասը աշխատակիցներ, բայց  իմանան, թե ինչ են անում հանրության,  արվետագետների և վարչության կապն ամրապնդելու համար: Պետք է որոշակի տրամաբանություն լինի այդ  հարաբերություններում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարությանը` քանդակագործն ընդգծեց, որ  համամիտ չէ Սամվել Կարապետյանի այն ասածին, թե  նախարարությունը պետք է ավելի ընդգրկուն դառնա: «Այստեղ նույնպես կարող է աշխատել տասը մարդ,  բայց այնպես, որ  Հայաստանի և Սփյուռքի մերձեցումն ավելի ջերմ լինի»,-նկատեց Թոքմաջյանը:

ՀՀ կառավարությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում նախատեսել է փոփոխություններ, որոնց համաձայն՝ ենթադրվում է, որ  ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է միանալ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը հնարավոր է, որ լուծարվի  և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գործի որպես վարչություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]