Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Երևանում մեկնարել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 100-ից ավելի մասնագետներ ԱՊՀ անդամ-պետություններից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Ողջունելով և արդյունավետ աշխատանք ցանկանալով նիստի մասնակիցներին ու հյուրերին և ընդգծելով նման միջոցառումների անցկացման կարևորությունը՝ նախարարի տեղակալն անդրադարձավ ոլորտին առնչվող կարևորագույն մարտահրավերներին:

«Համոզված եմ, որ այն հարցերը, որոնք առնչվում են ռադիոկապի և հեռահաղորդակցության տարբեր ուղղություններին, թվային հեռուստատեսությանն ու ոլորտի այլ թեմաներին, լուրջ քննարկումների ու վերլուծությունների արդյունքում աշխատանքային խմբերին հնարավորություն կընձեռեն հասնելու իրենց առջև դրված նպատակին»,-նշեց նախարարի տեղակալը։ 

Նիստի մասնակիցներին ողջունեց նաև ԿՏՀ-ի գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովը։ Նա ներկայացրեց նախորդ տարիներին տեղի ունեցած նիստերի աշխատանքների արդյունքները՝ առանձնացնելով այդ մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել դրանց կազմակերպման, անցկացման, ոլորտի զարգացման գործում։ ԿՏՀ-ի գլխավոր քարտուղարը ԿՏՀ-ի բարձրագույն պարգևով՝ Ռադիոկապի զարգացման մեջ ունեցած ավանդի ու ներդրման համար մեդալով պարգևատրեց ոլորտի վետերան, նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանին։ Հատուկ պարգևի արժանացավ նաև նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Վիոլետա Աղաջանյանը։
Նշենք, որ նիստի շրջանակներում միավորված են չորս աշխատանքային խմբեր՝ ռադիոհեռարձակման, ռադիոհաճախականության տիրույթի կարգավորման, ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման ուղղություններով, ինչպես նաև 2019թ. ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսի ու 2019թ. ռադիոկապի ասամբլեայի նախապատրաստման հարցերով։
Հունվարի 22-ից  25-ը՝ չորս օրերի ընթացքում, աշխատանքային խմբերում քննարկվելու, համաձայնեցվելու է նշված ոլորտներում բոլոր կողմերի դիրքորոշումների վրա ձևավորված եզրակացությունը, որը կներկայացվի 2019թ. տարեվերջին Եգիպտոսում կայանալիք Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանսին։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ