Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Արամ Սաֆարյանի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը արտաքին քաղաքականությունում շարունակականություն է ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հասարակությունը նոր իշխանություններից արտաքին քաղաքականության հարցում ակնկալում է շարունակականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ հիմնվելով սոցիոլոգիական հետազոտության վրա:

«2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրասիական փորձագիտական ակումբը՝ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ակումբի անդամ Սամվել Մանուկյանի հետ անցկացրել է լայնածավալ սոցիոլոգիական հետազոտություն, թե հայ հասարակությունն ինչ է ակնկալում նոր իշխանությունից: Մեր դիտարկմամբ՝ հասարակությունը նոր իշխանությունից արտաքին քաղաքականության ոլորտում ակնկալում  է շարունակականություն: Հայ հասարակությունը արտաքին քաղաքականությունում չի ուզում տեսնել խառնաշփոթ»,-ասաց Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ հասարակությունն իշխանությունից ակնկալում է շարունակականությունն այն հավասարակշռված գործընթացների, որոնք  զարգացրել են կյանքը վերջին 20 տարում: Սակայն Սաֆարյանը նկատեց՝ դա չի նշանակում, թե ոչինչ չպետք է փոխվի: Նոր իշխանությունը շատ ակտիվ, երիտասարդ ու ստեղծագործ է:

«Իշխանությունն ուզում է անել փոփոխոխություններ՝ այդ թվում նաև արտաքին քաղաքականությունում: Բայց հասարակությունն ակնկալում է, որ արտաքին քաղաքական ուղղությունը լինի արդյունավետ, մեղմ, որը կբավարարի հայ հասարակության հիմնական տնտեսական, քաղաքական, սոցիալական սպասելիքները»,-նշեց Սաֆարյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի դեկտեմբերի 9-ին: Ձևավորված խորհրդարանում մեծամասնություն է կազմում «Իմ քայլը» դաշինքը:  Նախկին խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն ներկայացված չէ 7-րդ գումարման Ազգային ժողովում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ