1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանցի հայտնի գործիչները՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

Ադրբեջանցի հայտնի գործիչները՝ Բաքվում հայերի ջարդերի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները հունվարի 20-ի իրադարձություններն օգտագործում են առավելապես հակահայկական քարոզչության վարելու նպատակով՝ դրանով իսկ փորձելով թաքցնել ու ժխտել Բաքվում հայերի ջարդերի իրականացման փաստը: Սակայն անգամ ադրբեջանցի տարբեր  գործիչներ, այդ թվում՝ հայերի ջարդերին և հունվարի 20-ի դեպքերին անմիջական մասնակցություն ունեցած «Ժողովրդական ճակատ» շարժման նախկին անդամներ, փաստել են, որ հունվարի 20-ի իրադարձություններին նախորդել են Բաքվի հայերի ջարդերը և նշել, որ դրանք կազմակերպված են եղել:

1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Հայերի նկատմամբ բռնաճնշումների ալիքը սկսվել էր դեռևս 1988-ից, շարունակվել նաև 1989-ի ընթացքում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման [Геноцид длиною в век, «Бакинская трагедия в свидетельствах очевидцев», էլ. տարբերակը՝ Karabakhrecords.info-ում]։

Հայերի զանգվածային ջարդերից հետո՝ 1990թ․ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքվում բախումներ են տեղի ունեցել խորհրդային զորքերի և ադրբեջանցի զինված խմբերի միջև, ինչը հանգեցրել է երկկողմանի կորուստների: Այս զարգացումներն ադրբեջանական քարոզչության մեջ ստացել են «Սև հունվար» կամ «Արյունոտ հունվար» անվանումը  [Armenpress.am]:

Հայերի ջարդերի փաստն ընդունած կամ դրան անդրադարձած ադրբեջանցի գործիչներն իրենց վկայություններում և հիշողություններում փաստում են հայերի ջարդերի կազմակերպված լինելը և դրանց կազմակերպման և իրականացման համար հիմնականում մեղադրում են հետևյալ կողմերին.

  • Մեղադրում են Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը՝ նշելով, որ նրանք աջակցել են ջարդերին, ինչպես նաև կանխելու համար քայլեր չեն ձեռնարկել: Իրադարձություններին չմիջամտելու համար մեղադրում են նաև ԽՍՀՄ ղեկավարությանը:
  • Որոշները, այդ թվում՝ իրավապաշտպան Ա. Յունուսը, մեղադրել են Հեյդար Ալիևին, ինչպես նաև «Ժողովրդական ճակատ»-ի ծայրահեղական թևին, այդ թվում՝ Աբուլֆազ Ալիևին (Էլչիբեյ) ջարդերի իրականացման համար:

Հայերի ջարդերի մասին ադրբեջանցի գործիչների հայտարարությունները

1990 թ. հունվարի դրությամբ ԱԺՃ փոխնախագահ Էթիբար Մամեդովը, ով ղեկավարել է հայերի ջարդերի շրջանում ձևավորված «ժողովրդական պաշտպանության խորհուրդ»-ը, 1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԽՍՀ մշտական ներկայացուցչությունում լրագրողներին հայտնել է, որ հայերի ջարդը նախապես պլանավորել էին իշխանությունները՝ ընտրությունները տապալելու համար, որի արդյունքում ԱԺՃ-ն խորհրդարանական ճանապարհով կստանար իշխանությունը [Kommersant.ru]: Այսպիսով, Մամեդովը, ով ջարդերի իրականացումն անմիջապես կազմակերպած «Ժողճակատ»-ի առաջնորդներից էր, իրադարձությունների համար մեղադրում է Ադրբեջանի ԽՍՀ իշխանություններին, որոնք առնվազն չեն միջամտել և թույլատրել են ջարդերը, ինչպես նաև ԽՍՀՄ ղեկավարությանը, որը զորք էր մտցրել Բաքու հայերի ջարդերից մեկ շաբաթ անց: Իրականում, ինչպես արդեն նշել ենք, ջարդերի իրականացման համար պատասխանատու են թե՛ ԱԺՃ-ն, թե՛ Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը: Ջարդերը ժամանակին չկանխելու համար իր մեղավորությունն ունի նաև ԽՍՀՄ ղեկավարությունը: Մամեդովի հայտարարությունը, սակայն, առնվազն ցույց է տալիս, որ հայերի ջարդերը իրոք եղել են կազմակերպված, պարզապես նկատվում է  տարբեր ուժերի կողմից պատասխանատվության սեփական բաժնից խուսափելու միտում:

Մամեդովը 1990-ին մեկ այլ հայտարարության մեջ ասել է. «Ես անձամբ ականատես եմ եղել նրան, թե ինչպես երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի․ հավաքվեց ամբոխը, նրանց վրա բենզին լցրեցին և այրեցին, իսկ դրանից 200 մետր հեռավորության վրա Նասիմի շրջանի ոստիկանական բաժանմունքն էր և այնտեղ շուրջ 400-500 ներքին զորքերի զինվորներ կային, որոնք մեքենաներով անցնում էին այդ այրված դիակներից 20 մետր հեռավորությամբ, և ոչ ոք շրջանի շրջափակման և ամբոխը ցրելու փորձեր չէր ձեռնարկում» [Karabakhrecords.info]:

2012թ. հունվարի 12-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերության` 1990թ. հունվարի 13-ի ԱԺՃ հանրահավաքի վերաբերյալ «Նորագույն պատմություն» հաղորդման ժամանակ «Ժողճակատ»-ի անդամ Ալի Գուլիևիը նշել է, որ … իմացվել է, որ կառավարության հետևի շենքի 8-րդ հարկից մեկ հայ է «դուրս նետվել» և մահացել, դրանից հետո սկսվել են գործընթացները, արդեն հայերի ջարդերը և այդ իրադարձությունների ժամանակ 6-8 հոգի է մահացել: Այսինքն սկիզբը հենց դա էր: Դահլիճում ներկաներից Ռասիմ Հասանովը քննադատել է հաղորդման հյուր ԱԺՃ անդամների խոսքերում առկա «Բաքվի հայերի ջարդերը ԽՍՀՄ իշխանությունների կողմից կազմակերպված լինելու» մասին թեզը՝ դա որակելով հանցագործությունների և հանցագործների կոծկում, ինչին ի պատասխան՝ Գուլիևն ընդունել է, որ ջարդեր են տեղի ունեցել, և նշել, որ իրենք չեն կարողացել դրա դեմն առնել:

Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը իր հիշողություններում թեև չի անդրադառնում ջարդերի մեղավորներին, սակայն փաստում է դրա իրականացումը: Մասնավորապես, նա ասել է. «Բաքուն հաճախ անվանել և անվանում էին «ինտերնացիոնալ բարեկամության քաղաք»: Ես կավելացնեի՝ «ոտնահարված ինտերնացիոնալ բարեկամություն», քանի որ արդեն չորրորդ տարին է, ինչ հայերի խայտառակ ջարդերից հետո փողոցներում լսելի չէ հայերեն խոսքը. (…)  1990-ի արյունոտ հունվարը ցույց տվեց նաև այն, որ վեհանձնությունն ու գեղեցիկ պոռթկումն անզոր են զենքը ձեռքին գազազած ջարդարարի կամ պատժիչ բանակի հարբած զինվորի առջև: Հայերը չկարողացան դիմակայել բաքվեցիներին և այժմ այդ նույն ուժերն անցան ռուսներին» [Panorama.am]:

Հիմնականում ադրբեջանցի գործիչները Բաքվի հայերի ջարդերին անդրադառնում են 1990 թ. հունվարի 20-ի իրադարձությունների համատեքստում: Ինչպես տեսանք վերոնշյալ վկայություններում, ինչպես նաև ստորև բերվող այլ վկայություններում, «Ժողովրդական ճակատ»-ի անդամները հիմնականում ցանկանում էին մեղքն ամբողջությամբ բարդել խորհրդային իշխանությունների վրա՝ դրանով փորձելով նրանց ամբողջությամբ մեղավոր համարել նաև հունվարի 20-ին խորհրդային զորքերի և ամբոխի բախումների համար:

ԱԺՃ նախկին անդամ, ներկայումս իրավապաշտպան և Նիդերլանդներում քաղաքական էմիգրանտ Լեյլա Յունուսովան 1990թ. հունվարին CIA գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Այդ ակցիաներն աջակցվում էին պաշտոնական ղեկավարության կողմից, որը դեռևս անցած աշնանը «Ժողովրդական ճակատին» անվանում էր ծայրահեղականներ, հանցագործներ, իսկ այժմ դադարեցրել է հարձակումները, քանի որ Ճակատի աջ թևի գաղափարները նրան հարազատ են: Հանրապետության ղեկավարությունն աչք է փակում նաև Հայաստանի հետ առճակատումը շարունակելու աջ թևի ձգտումների վրա: Օրինակների համար հեռուն գնալ պետք չէ. Բաքվում այրեցին հայկական եկեղեցին, ընդ որում՝ ոստիկանությունը չարձագանքեց վանդալիզմի այդ ակտին...» [Karabakhrecords.info]:

Իսկ Յունուսովայի ամուսինը՝ նույնպես ԱԺՃ նախկին անդամ, իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ, 1992-1993թթ․ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահի վարչակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Արիֆ Յունուսովը  2018թ. հունվարի 20-ին ադրբեջանական «Օբյեկտիվ» առցանց հեռուստատեսության հրապարակած հարցազրույցում պնդում է, որ 1990թ․ Բաքվի հայկական ջարդերն ու «Սև հունվարը» կազմակերպվել են Հեյդար Ալիևի հրահանգով՝ հետագայում նրա իշխանության գալու նպատակով: Յունուսովը հարցազրույցում նշում է, որ 1990թ․ հունվարի սկզբին ԱԺՃ ղեկավարներից Նեյմաթ Փանահլին դարձավ հայկական ջարդերի կազմակերպիչը։ Յունուսովը չի պնդում, որ Փանահլին անձամբ մասնակցել է հայերի սպանություններին, բայց որ նա է հենց հայկական ջարդերի կազմակերպիչը, բացարձակ ճշմարտություն է։ Ըստ Յունուսովի՝ Փանահլին Հեյդար Ալիևի կամակատարն էր: Նրա խոսքերով՝ այս ամենի մասին Մոսկվան տեղյակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը, և իրադարձություններն օգտագործեց խորհրդային զորքերը Բաքու մտցնելու համար [Hetq.am]: Հարկ է  ավելացնել, որ տեսանյութում Ա. Յունուսն անդրադառնում է նաև հայերի ջարդերի համար «Ժողճակատ»-ի մեղավորությանը: Նա մասնավորապես նշում է, որ ջարդերի օրերին իր կինը՝ Լ. Յունուսը, ԱԺՃ գրասենյակներում տեսել է սպանվելու ենթակա հայերի ցուցակներ՝ նրանց հասցեներով: Ըստ Ա. Յունուսի՝ Լեյլա Յունուսը քննադատել է ԱԺՃ ղեկավարներին, նշել, որ իրենք Եվրոպայում փորձում են ցույց տալ, որ ԱԺՃ-ն ժողովրդավարական ուժ է, սակայն նրանք Բաքվում հայերի ջարդեր են կազմակերպում:

Իսկ ահա ԱԺՃ-ի մեկ այլ առաջնորդ, գրող Յուսիֆ Սամեդ օղլուն գրել է. «ԱԺՃ-ն ամենևին էլ միատարր կազմակերպություն չէ, ցավոք, կան ծայրահեղական տրամադրված անձինք, կան քաղաքականությունից հեռու մարդիկ, որոնք եկել էին անձնական ինչ-որ վիրավորանքներից, ամբիցիաներից… Ինչ վերաբերում է հունվարի 20-ի իրադարձություններին, ապա պատմությունը վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը կդնի: Ո՞վ էր, օրինակ, կազմակերպել հունվարի 13-14-ի հայերի ջարդերը: Ինչո՞ւ, երբ ես զանգեցի բոլոր ատյաններին՝ փորձելով գոնե ինչ-որ մեկին լսելի դարձնել, որ քաղաքում անկարգություններ [ամենաթողություն] են կատարվում և պետք է վճռական միջոցներ ձեռնարկել, իմ խոսքերին ոչ մի արձագանք չեղավ: Ես օգտվում եմ «Լիտգազետայի» [“Литературная газета”] հարթակից, որպեսզի հասարակ հարց տամ և թող հանրապետական դատախազության նախկին ղեկավարությունն ինձ պատասխանի՝ ո՞վ է կազմակերպիչներից, այլ ոչ թե իրականացնողներից հստակ պատասխանատվության ենթարկվել հունվարի 13-14-ի ջարդերի համար: Չէ որ ոչ մի քրեական գործ չի հարուցվել, համենայն դեպս ես մամուլում դրա մասի ոչինչ չեմ կարդացել [Левон Мелик-Шахназарян, “Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики”,  1997, էլ. տարբերակը՝ Armenianhouse.org-ում]:

Լրագրող  Զեյնալ Իբրահմովը 2018թ. հունվարի 21-ին «Ազատություն» ռադիոկայանի նախագիծ «Էխո Կավկազա» կայքին տված հարցազրույցում (այն որոշ ժամանակ անց հեռացվել էր կայքից) խիստ գնահատականներ էր հնչեցրել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել 1990-ականներին Բաքվում հայերի ջարդերին, ինչպես նաև հունվարի 20-ի դեպքերին, երբ քաղաք էին մտցվել խորհրդային զորքեր։ Հարցազրույցի սկզբում (ռուսերեն տարբերակը` Voskanapat.info-ում) Իբրահիմովն ասել է, որ հունվարի 20-ը չի կարելի տարանջատել հունվարի 13-ից․ դրանք անբաժանելի են, քանի որ հունվարի 13-ին սկսվեցին հայերի ջարդերը։ «Մեկը բխում էր մյուսից։ Եթե չլինեին ջարդերը, չէր լինի հունվարի 20-ը, սակայն ես կարծում եմ, որ այդ երկու օրերը մանրակրկիտ ծրագրվել էին, և ամեն ինչ կանխորոշված էր։ Եվս մեկ բան՝ զորքերը մտցվեցին հունվարի 20-ին, երբ ջարդերի ալիքը նվազել էր։ Չգիտես ինչու՝ դրանք չէին մտցվել ոչ հունվարի 13-ին, ոչ 14-ին, ոչ 15-ին։ Այն ժամանակվա «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» փողոցներ էր դուրս բերել մարդկանց՝ շատ լավ իմանալով՝ ինչով այդ ամենը կավարտվի։ Եթե զորքերը մտնեին դատարկ քաղաք, կրակելու թիրախ չէր լինի պարզապես։ Եվ ես կարծում եմ, որ հունվարի 20-ը դա նախապես ծրագրված ակցիա էր»,– ասել է նա [Civilnet.am]:

Այսպիսով, կարող ենք ասել, որ առկա են բազմաթիվ փաստեր, ականատեսների, այդ թվում՝ ադրբեջանցիների վկայություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների  ընդունած բանաձևեր, որոնք ցույց են տալիս 29 տարի առաջ Բաքվում հայ ժողովրդի նկատմամբ ջարդերի իրականացման փաստը և դրանց կազմակերպված լինելը: Ինչպես արդեն նշվեց, առկա փաստերը ցույց են տալիս, որ ջարդերում ներգրավված են եղել թե՛ «Ժողովրդական ճակատի» ղեկավարները և անդամները, թե՛ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, առնվազն՝ ջարդերի հրահրմանը ներգրավվելով և ջարդերին չմիջամտելով: Չնայած նշված հանգամանքներին՝ մինչ օրս միջազգային կառույցներն այս իրադարձություններին անհրաժեշտ գնահատական չեն տվել, ինչն իր հերթին նպաստում է առ այսօր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրեջանի շարունակվող քարոզչությանը, ռազմատենչ հայտարարություններին, ինչպես նաև՝ Ադրբեջանում հայատյացության սերմանմանն ու տարածմանը՝ այդ թվում պաշտոնական մակարդակով: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների արձագանքին, ապա, վերը նշված գործիչները հիմնականում այլ երկրներում են ապրում, իսկ Ադրբեջանի ներսում ցանկացած այլակարծություն ճնշվում է: Հակահայկական ատելության քարոզն Ադրբեջանում միտված է հայերի հանդեպ իրականացված ջարդերը կոծկելուն, ինչպես նաև ցանկացած վատ իրադարձություն հայերին վերագրելուն:

Գոհար Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]