Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Քրեականացնելով փաստաբանի նկատմամբ ոտնձգությունները` կապահովենք արդյունավետ արդարադատությունը. Սիմոն Բաբայան


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանի իրավունքների պաշտպանությամբ և նրա անխոչընդոտ մասնագիտական գործունեության ապահովմամբ պետությունը անհրաժեշտ պայմաններ կստեղծի արդյունավետ արդարադատության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիքի է  ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:

Խոսելով Փաստաբանների պալատի հետ համատեղ Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծի մասին, որով առաջարկում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին զրպարտելու, վիրավորելու կամ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, Բաբայանը նշեց, որ  դա օբյեկտիվ անհրաժեշտություն էր և պայմանավորված էր վերջին ժամանակաշրջանում զարգացող իրադարձություններով, մասնավորապես` հասարակության  ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործերով:

«Այդ հնչեղ քրեական  գործերում հասարակությունը ներգրավված է և  իր կարծիքն է արտահայտում ու, շատ դեպքերում, փաստաբանի մասնագիտական աշխատանքը ընկալելի չէ նրանց համար: Արդյունքում ունենում ենք հետևյալ իրավիճակը` փաստաբանները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս թիրախավորվում են։ Սոցիալական ցանցերում սպառնալիքներ են հնչում, շատ դեպքերում նաև որոշակի ճնշումներ են գործադրվում փաստաբանների վրա: Մենք ունեցանք դեպք, երբ անձը թքել էր փաստաբանի մեքենայի վրա և հայհոյանքներ հնչեցրել, ինչը նսեմացնում է արդարադատության ամբողջ գործընթացը»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ խնդիրը ոչ թե հենց զուտ փաստաբանի գործնեության խոչընդոտումն  է , այլ  արդարադատության իրականացումը:

«Փաստաբանը ներգրավված է արդարադատության գործընթացում ոչ թե պատահաբար, ոչ թե որպես  զուտ մասնագետ, այլ նա այդ արդարադատության իրականացման կարևորագույն տարրերից մեկն է: Փաստաբանի բացակայությամբ  արդարադատություն չի կարող իրականացվել, եթե իրականացվի էլ , ապա այն կիրականացվի խախտումով: Դրան բազմիցս  արձագանքել է Եվրոպական դատարանը: Մենք պետք է պատկերացնենք, որ դա այն հայտնի  արդարադատության կշեռքի նժարներից մեկն է, որը ապահովում է մրցակցությունը դատավարության ընթացքում, և փաստաբանի բացակայությամբ մենք կունենանք խնդիրներ»,- նշեց Բաբայանը:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի խոսքով` երբ փաստաբանը ենթարկվում է համապատասխան ճնշումների, բնականաբար, չի կարողանալու պատշաճ իրականացնել իր պաշտպանությունը կամ, առնվազն, կաշկանդված է լինելու:

«Փաստաբանի իրավունքների պաշտպանությունը պետության պարտականությունն է: Պետությունը պետք է ապահովի, որպեսզի փաստաբանն իրականացնի իր մասնագիտական գործունեությունը: Իհարկե, շատ անգամ եթե մենք նայենք զգայուն դատական գործընթացներ կարող է առաջին հայացքից փաստաբանի դիրքորոշումը հասարակությանը հաճո չլինել: Օրինակ` անձը կատարել է ծանր հանցագործություն, բոլորիս պատկերացմամբ, նա կատարել է այդ հանցագործությունը, և հանկարծ փաստաբանը սկսում է ներկայացնել իրավիճակը այլ տեսանկյունից և փորձում է արդարացնել իր պաշտպանյալին, բնականաբար, դա հասարակությանը հաճելի չի լինի, բայց հենց այդ հավասարակշռման մեխանիզմների արդյունքում է ի հայտ գալիս արդարադատություն: Այո, փաստաբանը  կողմնակալ է, այո, պետք է հանդես գա իր վստահորդի շահերից և դա շատ անգամ կարող է դուր չգալ հասարակությանը, սակայն դա անհրաժեշտ է, որպեսզի մենք հասնենք արդարադատության իրականացմանը»,- շեշտեց Բաբայանը:

Ըստ իրավաբանի` նախագծի հետ կապված տեսակետներ հնչեցին, թե ինչու են ներկայացնում այն. չէ՞ որ պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ քաղաքացիական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, որտեղ այլ միջոցներով հնարավոր է վերականգնել այդ բարոյական իրավունքները: Բաբայանը կարծում է, որ այս նախագծում պետք է շեշտադրումը հստակ տարբերել: 

«Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե ավելի շատ փաստաբանի պատիվն ու արժանապատվությունն են թիրախավորվում, այլ խնդիրը նաև արդարադատությունն է Քրեականացնելով փաստաբանի նկատմամբ նման ոտնձգությունները՝ մենք կապահովենք արդյունավետ արդարադատությունը, նաև պաշտպանյալների,  մեղադրյալների, ամբաստանյալների շահերի պաշտպանությունը: Եվ սա նորույթ չէ, եվրոպական մի  շարք երկրներում փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ կապված՝ նույնպես քրեական իրավունքում կան նորմեր, և, կարծում եմ, դա նորմալ միջոց է և սթափ մոտեցում պետության կողմից, որպեսզի արդյունավետ իրականացվի մեր երկրում արդարադատությունը»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, քրեականացումը որպես զսպելու գործիք հանդիսանալ և բացառել հետագայում փաստաբանի գործունեությունը խոչընդոտող դեպքերը, Բաբայանը պատասխանեց, որ այն պատժամիջոցները, որոնք նախատեսված են նախագծում, այնքան էլ ծանր չեն, բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ դա քրեական պատասխանատվություն է, և  դա ենթադրում է, որ պետք է իրականացվի նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում:

 «Կարծում եմ, դա որոշակի առումով զսպման միջոց կլինի: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե ինչքանով դա արդյունավետ կլինի, բայց, այնուամենայնիվ, մենք ունեցանք այն, որ պետությունը միջամտեց այս գործընթացին, գործադիր իշխանությունը իր կամքը դրսևորեց: Մենք լսեցինք վարչապետի կողմից համապատասխան ուղերձը, որում ընդգծվեց մեր  խնդիրը, և այս առումով, կարծում եմ, ներկայումս արդեն որոշակի քայլեր արել ենք: Վստահ եմ, որ այսուհետ նաև ոստիկանության աշխատակիցներն ավելի աչալուրջ կլինեն փաստաբանի նկատմամբ նմանատիպ ոտնձգություններ թույլ տվողների առնչությամբ»,- նշեց Բաբայանը:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը նաև հավելեց, որ Փաստաբանական պալատում որոշում է կայացվել ընդլայնել արագ արձագանքման հանձնաժողովը, որպեսզ անդամները կարողանան ապահովել  մասնագիտական գործունեությունը իրականացնող փաստաբանների իրավունքների պաշպանությունը:

«Փորձելու ենք արագ արձագանքման  հանձնաժողովի միջոցով  սատարել փաստաբաններին, որպեսզի իրենք կարողանան անկաշկանդ իրականացնել իրենց գործունեությունը, օրենքով սահմանված բոլոր միջոցներով պաշտպանել փաստաբաններին` դա կլինի դատական միջամտությամբ, իրավապահ մարմինների ուշադրության հրավիրելու միջոցով և այլն: Հակառակ դեպքում, մենք ունենալու ենք խնդիրներ, և ոչ միայն  փաստաբանների, այլ նաև դատախազների և դատավորների մոտ այդ խնդիրները լինելու է: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դատավորը տեսնում է, որ փաստաբանին դրսում կեղեքում են, վիրավորում և այլն, վաղը ինչ կանեն իր հետ, եթե նա հասարակության համար ոչ հաճո դատական ակտ կայացնի: Այստեղ ոչ միայն փաստաբանի աշխատանքի վրա ենք ստվեր գցում, այլ նաև ստվեր ենք գցում ամբողջ արդարադատության գործընթացի վրա»,- ասաց Բաբայանը:

«Շատ ժամանակ, երբ փաստաբանը իրականացնում է պաշտպանություն կարող է համաձայն չլինել  իր պաշտպանյալի հետ, չկիսել նրա գաղափարները, բայց փաստաբանի մասնագիտական կոչումն այն է, որպեսզի  պատշաճ իրականացնի և օրինական միջոցներով կարողանա պաշտպանել իր վստահորդի շահերը»,- եզրափակեց Բաբայանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ