Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց ժողովրդի ցավերով. վարչապետ Փաշինյանի ուղերձը՝ բանաստեղծուհու 100-ամյակի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե' մայր հայրենիքում, թե' սփյուռքում։

Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում։

Շնորհավորում եմ մեծանուն բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներին և ընդհանրապես մեր ընթերցասեր հասարակայնությանը այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ»։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ