Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի անդամները հարգանքի տուրք մատուցեցին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի անդամները  
հարգանքի տուրք մատուցեցին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետություն» կազմկոմիտեի անդամները հունվարի 19-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին ջարդերի զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Բաքվում Ադրբեջանի կողմից իրականացված այդ  ցեղասպանական գործողություններին անհրաժեշտ է տալ իրավական գնահատական:

«Մենք պետք է պահանջենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը օր առաջ ուսումնասիրի այս հարցը և հայտարարի մի շարք լսումներ, որի արդյունքում կընդունվի  փաստաթուղթ,  որում կտրվի իրավական և քաղաքական գնահատականը, այն է` համապատասխան ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և դրա համար  պատժի կոնվեցիայի համաձայն՝ Ադրբեջանում այդ բոլոր գործողությունները որակել որպես ցեղասպանություն»,- ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով`  մինչ օրս Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել: «Այն ինչ Ադրբեջանը սկսել էր տարիներ առաջ իրականացնել չի համարվում ավարտված: Դրա մասին են վկայում Հայաստանը գրավելու Ալիևի հավակնությունները: Դա ծրագիր է, որը Ադրբեջանի կողմից իրականացվում է քայլ առ քայլ»,- ասաց Ալավերդյանը:

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են  6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ