Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորը պատրաստվում է դատարան դիմել կինոնկարի ֆինանսավորումը ստանալու նպատակով

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորը պատրաստվում է դատարան դիմել կինոնկարի 
ֆինանսավորումը ստանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեմ, եթե վերջինս չիրականացնի ֆիլմի ֆինանսավորման հետ կապված իր պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հովհաննես Գալստյանը:

«Սկսածս հացադուլից  դուրս գալու երաշխիքն այն էր, որ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ուսումնասիրեց որոշ փաստաթղթեր և ասաց, որ պետք է շարունակել ֆիլմի արտադրությունը և դրական լուծումներ գտնել: Հաջորդ օրը հրավիրեց միջգերատեսչական հանձնաժողով՝ պարզելու արդյոք կինոնկարի ֆինանսավորումն անօրինական կերպո՞վ է մերժվել: Հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարության  ներկայացուցիչը հաստատեց, որ կանոնակարգի այն կետը, որով մեր ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժվել է, կիրառելի չէ մեր հայտի համար»,-պատմեց Գալստյանը և հավելեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է այն փաստը, որ նախարարության ձևավորած մրցութային հանձնաժողովն անօրինականություն է թույլ տվել` մերժելով հայտը:

Նա շեշտեց, որ վերոնշյալ հանդիպումը ձայնագրվել է: «Կարծում եմ, որ նախարարությունը պետք է հրապարակի այդ ձայնագրությունը, որովհետև այդ ընթացքում ձեռք բերված ոչ մի համաձայնություն մինչ օրս չի կատարվել:  Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարեց կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն  միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրեց վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել  կատարողականի մասին:  Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ուներ մեկ դիտարկում: Նա ցանկանում էր ևս մեկ անգամ ուսումնասիրել այն բոլոր փաստաթղթերը, որոնք կան ֆիլմի փաթեթում: Մենք դրանք հանձնեցինք նրան: Մեկ ամիս է, ինչ  կինոկենտրոնում ուսումնասիրում են դրանք,  և դեռ պատասխան չկա»,-ընդգծեց Գալստյանը:

Նա ասաց, որ կինոկենտրոնը բուլղարական և գերմանական  համարտադրողներին  ուղարկել է մի նամակ, որում նշվում է, որ ֆիլմն ունի խնդիրներ, և այն դատական գործընթացում է: «Ներդրողները աշխատանքը չեն շարունակի այն նախագծի վրա, որն ունի դատական խնդիրներ:  Ազգային կինոկենտրոնը նամակում նաև խնդրել է հաստատել իրենց ծախսերը, որ գումար են ներդրել և այդ ծախսերի հաշվապահական փաստաթղթերը ներկայացնել: Բուլղարական կողմը շեշտում է, որ դա կոռեկտ չէ: Կինոկենտրոնն  իրավունք չունի նման փաստաթղթեր պահանջել այլ կինոկենտրոններից: Բացի այդ, ըստ ֆիլմի արտադրական պլանի  մենք պետք է նկարահանումները վերջացնեինք Հայաստանում, այնուհետև բուլղարական կողմը պետք է ֆինանսավորեր նկարահանումները Բուլղարիայում, հետո Գերմանիայում պետք է կատարվեր հետարտադրական գործընթացը: Դա հաստատված է համատեղ արտադրության պայմանագրով»,-շեշտեց Գալստյանը:

Կինոռեժիսորը հիշեցրեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2016 թվականին ընդունել և իրենց է հանձնել մի փաստաթուղթ առ այն, որ կինոկենտրոնը պատրաստվում է այս կինոնախագծում ներդնել 88 մլն դրամ: «Ներդրում կատարել են 15 մլն դրամ, պակասում է 63 մլն դրամ և Մակունցն ասաց, որ 55 մլն դրամի աջակցությունը պետք է այս տարի տրամադրվի միայն ֆիլմի արտադրական փուլի համար, հետարտադրական փուլի համար պետք է տրվի մնացած 15 մլն դրամը, և մենք որևէ պահանջ չենք ունենա կինոկենտրոնից»,-պատմեց համառեժիսորը:

Նա նշեց, որ պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն կինոյի կառավարման պետական մոդելը փոխելու վերաբերյալ, քանի որ այն մաշված է ու խանգարում է կինոյի զարգացմանը:

Գալստյանը շեշտեց, որ դատական գործընթաց են սկսում Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեմ պայմանագրային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: Դատական առաջին նիստը կկայանա հունվարի 30-ին:

«Փետրվարի երեքից վերսկսելու եմ հացադուլը ոչ թե Մատենադարանի այլ Հայաստանի ազգային ժողովի դիմաց»,-եզրափակեց ռեժիսորը:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել: Ինը օր  հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]