Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

14 մեդալ մեկ միջազգային օլիմպիադայից. ՀՀ-ի դպրոցականներն ամեն տարի լավ արդյունքներով վերադառնալն ավանդույթ են դարձրել

 14 մեդալ մեկ միջազգային օլիմպիադայից. ՀՀ-ի դպրոցականներն ամեն տարի լավ 
արդյունքներով վերադառնալն ավանդույթ են դարձրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցականները միջազգային օլիմպիադիայից մեդալներով վերադառնալն արդեն ավանդույթ են դարձրել: 2018 թվականին միջազգային տարբեր օլիմպիադաներից Հայաստանի դպրոցականները բերել են 30 մեդալ, որից 11-ն աշակերտները ստացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ մասնակցած օլիմպիադաներին:

Նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ, առհասարակ, օլիմպիադաներին մասնակցությունը խրախուսվում է:

«Տարեցտարի ավելանում է օլիմպիադաների մասնակիցների թիվը: 2018 թվականին Հայաստանում առարկայական օլիմպիադաներին դպրոցական փուլի մասնակցությունը գերազանցել է 60 հազարը, ինչը բավական մեծ ցուցանիշ է: Միջազգային փուլում մեր մասնակիցների հանդես գալը նպաստում է փորձի փոխանակմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը»,-ասաց Սուսաննա Ազատյանը:

Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի խոսքով, օլիմպիադաները դարձել են մի այնպիսի հարթակ, որը երեխաներին ընդունակությունների ցուցադրման, դրանց բացահայտման, ինչպես նաև երկրի ներկայանալիությունն ապահովելու հնարավորություն է տալիս:

«Պետք է ասել, որ միշտ Հայաստանը կարող է ներկայանալ լավագույն ձևով՝ ամեն տարի գրանցելով հաջող արդյունքներ: Երեխաները ներկայացնում են իրենց կարողությունները, առաջ են գնում: Ինչպես մարզիկը, այնպես էլ գիտելիքի գծով օլիմպիականը պարբերաբար նման մասնակցություններով ձգտում է լինել լավ մարզավիճակում»,- ասաց Հայկազ Նավասարդյանը: Նա նշեց, որ միջազգային օլիմպիադաներում Հայաստանի տարբերի տարիների օլիմպիականներն այսօր լավագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողներ են, դասախոսներ:

Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Տիգրան Չթչյանը սովորում է 11-րդ դասարանում: Նա, միջազգային տարբեր օլիմպիադաներին մասնակցելով, ստացել է երեք մեդալ՝ երկու բրոնզ, մեկ արծաթ: 

«Միջազգային օլիմպիադաներին մասնակցելը նախ տալիս է գիտելիք, փորձ դժվար իրավիճակներից դուրս գալու համար, բազմաթիվ նոր ընկերներ ենք ձեռքբերում, ստուգում ենք մեր ուժերը, գտնում թերացումները հետագայում շտկելու համար: Վերջին միջազգային օլիմպիադայում մասնակցելիս իմ մրցակիցը խնդիրներն էին: Արծաթե մեդալը ոչ թե ինչ-որ մեկի հետ մրցելով եմ ստացել, այլ խնդիրների լուծմամբ միավորներ հավաքելով»,-ասաց Տիգրան Չթչյանը:

Մեդալների պակաս չունի Քվանտ վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, ով մասնակցել է 5 միջազգային օլիմպիադայի: Նա ունի երեք մեդալ:

«Ինֆորմատիկա առարկայից մասնակցել եմ Եվրոպայի պատանեկան օլիմպիադային, այնտեղ արժանացել եմ ոսկե մեդալի, Բուլղարիայի աշնանային օլիմպիադային մասնակցելով՝ ստացել եմ բրոնզե մեդալ և Ալմաթի քաղաքում կայացած վերջին Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադային ստացել եմ արծաթե մեդալ: Միջազգային օլիմպիադաներին մասնակցությունը մեծ հնարավորություն է՝ փորձ, ընկերներ, գիտելիքներ ձեռքբերելու առումով»,-ասաց Ալեքսանդր Աբելյանը:

Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/:  ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]