Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Հրատապ լուծում պահանջող 16 ծրագիր կիրականացվի Շիրակում


ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ընթացիկ տարի Շիրակում իրականացվելու է հրատապ լուծում պահանջող 16 ծրագիր, ինչի համար կհատկացվի ավելի քան 334 միլիոն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռք բերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

Այդ նպատակով 2018 թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 3 միլիարդ 975 միլիոն դրամ՝ 216 ծրագրերի կյանքի կոչման համար, որի վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։ Այս պահին մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերից ընթացքի մեջ են Գյումրու թիվ 18 դպրոցի ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքները: Համակարգն արդեն տեղադրված է, և փորձարկումն ավարտված: Ավարտված է նաև Գյումրու թիվ 7 դպրոցի կապալառու կազմակերպության մրցույթը: Մյուս աշխատանքները, եղանակի հետ կապված, կմեկնարկեն ավելի ուշ: Նախագծերն արդեն փոխանցված են ՀՀ տարածքային զարգացման նախարարություն: Ծրագրերի հիմնական մասը՝ ընթացիկ նորոգման աշխատանքներ, պատուհանների փոխարինում և ջեռուցման համակարգերի նորոգում, կրթական ոլորտում են իրականացվում: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանը: Ծրագրի շրջանակում իրականացվելու են նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տանիքի վերանորոգում, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի ներքին հարդարման և Ազատանի Ջաջուռ գետի հունի մաքրման աշխատանքներ:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ