ՀՀ փոխվարչապետն ու «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ: «Ռենկոյի» գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն է հայտնել ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:
Գոհունակություն հայտնելով փոխշահավետ համագործակցության առթիվ՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ այսօր գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին և լիազորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում