Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ,  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատական նիստն ավարտվեց, պաշտպանական և մեղադրող կողմը ներկայացրեցին իրենց բողոքները և առարկությունները:  Դատարանը խորհրդակցական սենյակ դեռ չի հեռացել որոշում կայացնելու: Դատական նիստը կկայանա հունվարի 25-ին` ժամը 16:00-ին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը հավելյալ տեղեկություն նիստի վերաբերյալ չի կարող տրամադրել, այն միայն կարող են ներկայացնել վերջնական դատական ակտի կայացումից հետո: 

Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:

«Ներկայացրեցի այն բոլոր հանգամանքները, որոնք  վկայում են այն մասին, որ ներկայացված մեղադրանքը անհիմն է և խնդրեցի կողմերին ամեն ինչ անել, որպեսզի գործը անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի»,- եզրափակեց Գևորգյանը:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ,  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։ 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ