Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Անասնաֆերմա» գիրքն առաջին հորիզոնականում է. թարգմանական գրականություն. դեկտեմբեր, 2018

«Երևանյան բեսթսելեր». «Անասնաֆերմա» գիրքն առաջին հորիզոնականում է. 
թարգմանական գրականություն. դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Երկրորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Չորրորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վիպակը հինգերորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել William Saroyan մատենաշարով: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Վեցերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

«Օտարագիր» մատենաշարով լույս տեսած Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վիպակը յոթերորդ հորիզոնականում է: Վերջինս Սարոյանի ամենահայտնի ու սիրված գործերից է: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունն ութերորդն է: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, հեղինակի՝ դատը շահելուց հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Ամսվա լավագույնների ցուցակում հաջորդը «Շառլ Ազնավուր. դարի երգիչը» գիրքն է: Գրքում ամփոփված են Ազնավուրի երգերի և բանաստեղծությունների երեք թարգմանիչների` Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի թարգմանությունները, որոնք ուղեկցվում են նաև մեծ շանսոնյեի չափածո գործերի ֆրանսերեն տեքստերով: Ժողովածուն բացվում է տաղանդաշատ գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի փայլուն էսսեով, որտեղ նա, դեռևս անցյալ դարի 60-ականներին, կարծես տեսնում էր այսօրվա Ազնավուրին:

Ամենավաճառված թարգմանությունների ցուցակն եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. լույս տեսած «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ հրատարակվեց միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ. The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 112
2 -1

Ուիլյամ Սարոյան

«Հայրիկ, դու խենթ ես»

Անտարես 101
3 +7

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 84
4 +1

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 79
5 +1

Ուիլյամ Սարոյան

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Անտարես 77
6 -2

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 75
7 *

Ուիլյամ Սարոյան

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Անտարես 69
8 -5

Էլիֆ Շաֆաք

«Ստամբուլի բիճը»

Անտարես 67
9 նոր «Շառլ Ազնավուր. Դարի երգիչը» Արեգ 65
10 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 58

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]