Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

ԱՄԷ պետնախարարը ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

ԱՄԷ պետնախարարը ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում 
անցկացվելիք գրքի փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես, մեծ ուշադրություն են դարձնում ազգային ավանդույթների ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը` տիկին Սարգսյանը ներկայացրել է Երևանի հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ Մատենադարանի պատմությունն ու գործունեությունը, տեղեկացրել, որ թանգարան-ինստիտուտում պահվում են հազարավոր, այդ թվում նաև արաբական ու իսլամական ձեռագրեր։ 

Հայտնելով, որ օրերս եղել է Շարժայի ժառանգության ինստիտուտում (Sharjah Institute for Heritage), որտեղ իրեն ցույց են տվել հին ձեռագրերի վերականգնման աշխատանքները՝ Նունե Սարգսյանն ընդգծել է, որ այս ոլորտում Հայաստանն ունի կուտակված մեծ փորձ։ Նա ԱՄԷ-ի փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու հայկական կողմի փորձառությանը, համագործակցելու հայ մասնագետների հետ։

ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմին իր հերթին նշել է, որ քաջատեղյակ է տիկին Նունե Սարգսյանի գործունեության մասին։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Հանրապետության նախագահի տիկինը նաև մանկական գրքերի հեղինակ է՝ ԱՄԷ պետնախարարը հրավիրել է տիկին Նունե Սարգսյանին, որպես պատվավոր հյուր, մարտ ամսին մասնակցելու Դուբայում կայանալիք գրքի փառատոնին։

Տիկին Նունե Սարգսյանն իր հերթին պետնախարար Ռիմ ալ Հաշիմին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև խորացնելու հայ-էմիրաթական գիտակրթական կապերը։



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ