Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ է կրել: 2019 թ. հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:

Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից, հունվարի 18-ին, ժամը` 11:00-13:00:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

«Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մեծ է վարպետի ներդրումը սերունդների կրթման գործում: Նրա ջանքերով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում դրված էին անհատականությունների բացահայտման ու մասնագիտական-գործնական հմտությունների և մասնագիտական-տեսական գիտելիքների զարգացման, բեմադրիչների  ու դերասանների բարոյաէթիկական չափանիշների ուսուցման սկզբունքները, որոնք էլ հիմք հանդիսացան ռեժիսորական վարպետության իր դպրոցի մշակման և տարածման համար: Նրա սաներից են եղել հետագայի անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:

Ռաֆայել Ջրբաշյանն իր առանձնահատուկ հետքն է  թողել հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում:  

Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է Կիսլովոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բանասիրության բաժնում: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը: 1955-69 թթ. աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ:

1971-72 թթ. եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90 թթ.` Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թատրոններում Ռաֆայել Ջրբաշյանն իրականացրել է մի շարք բեմադրություններ:

1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1984-98 թթ. եղել է ամբիոնի վարիչ, 1994-98 թթ.` պրոռեկտոր: 1986 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1986 թ. արժանացել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2008 թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: 2004 թ.` Մովսես Խորենացու անվան մեդալակիր:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ