Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

Հայաստանի հոգեբուժական կլինիկաներում անցկացվելու է հեպատիտ B-ն և C-ն բացահայտելու սքրինինգային ծրագիր


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է իրականացնել սքրինինգային ծրագիր, որը կօգնի բացահայտել հեպատիտ B-ն և C-ն՝ հոգեբուժական կլինիկաների հիվանդների մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի նախագահ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն ռիսկի խմբեր և հոգեբուժական հիվանդություններով հիվանդները հենց այդ խմբից են:

«Քանի որ հոգեբուժարաններում գտնվող անձանց դիսպանսերացման ժամանակահատվածը սովորաբար բավական երկար է տևում՝ ռիսկ կա, որ բուժման ընթացքում կատարված բժշկական մանիպուլյացիաների ընթացքում նրանք կարող են վարակվել վիրուսային հեպատիտով, այդ թվում՝ գործիքների միջոցով, եթե դրանք պատշաճ կերպով չեն ախտահարվում»,- նշեց Ղազինյանը:

Սքրինինգային ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի կողմից, իսկ այն կանցկացվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ համատեղ:

Առաջիկա 10 օրվա ընթացքում փորձագետները «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի 400 հիվանդից արյան նմուշներ պետք է վերցվեն և տարվեն լաբորատորիա, որտեղ դրանք կստուգվեն:

«Ռիսկի խմբերն ու ֆակտորներն անընդհատ փոփոխության են ենթարկվում: Ներկայում ռիսկի հիմնական ֆակտոր է հանդիսանում ոչ ապահով բժշկական միջամտությունն ու ներերակային թմրամիջոցների օգտագործումը: Պետք է նաև չմոռանալ սեռական ճանապարհով վարակվելու հնարավորությունն, ինչպես նաև վարակված մորից պտղին անցման հավանականությունը»,- նշեց Ղազինյանը:

Ապագայում նախատեսվում է նմանատիպ ծրագիր անցկացնել նաև մաշկաբանական և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով հիվանդների շրջանում, քանի որ նրանք նույնպես մտնում են վտանգավոր խմբի մեջ: Բացի այդ, սքրինինգի շրջանակներում նախատեսվում է ստուգել հեպատիտի առկայությունը նաև 1000 առողջ քաղաքացու մոտ, որոնք հաշվառված չեն և չեն ներառվում ռիսկի խմբում:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը նշեց, որ հեպատիտ B-ի և C-ի փոխանցման ուղիներից մեկը հենց սպասարկման կենտրոններն են:

«Այն վայրերում, որտեղ կատարվում են մաշը վնասող կամ մաշկի ամբողջականությունը խախտող միջամտություններ՝ մարդուն կարող է փոխանցվել հեպատիտ B կամ C: Դրանց մեջ մտնում են մատնահարդարումը, ոտնահարդարումը, դաջվածքները և այլն»,- ասաց Դավիդյանցը և հավելեց, որ այդ ծառայությունները պետք է խստացվեն՝ գործիքներն օգտագործվեն միանվագ, պատշաճ ախտահանում իրականացվի: 

Անդրադառնալով հեպատիտ B-ով կամ C-ով վարակված անձանց՝ Ղազինյանը նշեց, որ նրանց ընդամենը 10 տոկոսն է ինֆորմացված այդ մասին:

«Սա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում է, այլև ամբողջ աշխարհում, այդ իսկ պատճառով հիմա կա մի կարգախոս՝ «Փնտրենք կորած միլիոններին», քանի որ միլիոնավոր են այդ մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, որ վարակված են հեպատիտ B-ով կամ C-ով: Հայաստանում մենք մի փորք փոխել ենք այդ կարգախոսը՝ «Փնտրենք կորած հազարներին»: Մենք աշխատում ենք նրանց գտնելու ուղղությամբ»,- շեշտեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավարը:

Նա հավելեց, որ 2030 թվականն ամբողջ աշխարհում հայտարարված է՝ «Տարի առանց հեպատիտի» և Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ շարժմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ