Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Սեպտեմբեր

Ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն վստահեցնում են` միմյանց նկատմամբ լարվածություն չեն հրահրում


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հակված չէ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժի` «Լուսավոր Հայաստան»-ի հետ լարվածություն հրահրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս նույնն է պնդում և լարվածություն չի էլ տեսնում: «Արմենպրես»-ի հարցին, թե երկու ընդդիմությունների միջև այս պահին չկա  արդյոք լարվածություն, նման պատասխան հնչեցրին  խմբակցությունների ներկայացուցիչները:

«ԲՀԿ-ն հակված չէ լարվածությունը խորացնելու: Մենք չենք եկել այստեղ մրցույթի, թե ով է ավելի շատ ընդդիմություն: Մենք եկել ենք խորհրդարան աշխատելու: Բայց եթե մեր գործընկերները փորձում են մեզ մղել բանավեճի դաշտ, ապա մենք երբևէ որևէ բանավեճից չենք փախչել և չենք փախչելու»,-նշեց Զոհրաբյանը:

Դիտարկմանը` այսինքն ընդունում է, որ կա որոշակի լարվածություն, Զոհրաբյանը նշեց, որ լարվածության հրահրողը իրենք չենք: «Ես տպավորություն ունեմ, որ «Լուսավոր Հայաստան»-ը որպես թիրախ ընտրել է ԲՀԿ-ին և ոչ թե «Իմ քայլը» խմբակցությանը` որպես իշխանություն»,-նշեց նա:

Անդրադառնալով հունվարի 16-ի ԱԺ նիստում ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին` Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցում կար նաև բարոյական կողմ, սակայն իրենք որևէ մեկի հետ անձնական տիրույթ չեն մտնելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ լարվածություն չի տեսնում: «Մենք ևս լարվածություն հրահրող չենք»,-նշեց Մարուքյանը:

Նա նշեց, որ իրենց խմբակցությունից եղել է ելույթը, որը կապ է ունեցել ԲՀԿ-ի պատգամավորներից մեկի հարազատների հետ, դրա համար էլ «Բարգավաճ Հայաստան»-ից էմոցիոնալ արձագանքել են: Մարուքյանը վստահեցրեց, որ երկու ընդդիմություններն իրար հետ ուրիշ խնդիրներ չունեն:

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներն հունվարի 16-ի նիստում առաջին ընդհարումն ունեցան. վեճի մասնակիցներն էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ որոշ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին ու նրանց գործունեությանը: Քննադատական ելույթի ընթացքում չշրջանցեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին:Նախկին դեսպանի որդին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն առաջինն արձագանքեց Բաբաջանյանին՝ հորդորելով նրան չշարունակել, իսկ կրքերն ավելի թեժացան, երբ ամբիոնին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ