Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքմենստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարին

Թուրքմենստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ 
նախարարի պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 14-ին ընդունել է Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով հյուրին`  ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Այազովին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ գործում։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Թուրքմենստանի դեսպանը բարձր գնահատեցին բազմակողմ հարթակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ որպես կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը,  հումանիտար և մշակութային կապերի խորացումը: Այդ համատեքստում ընդգծվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ որպես կառավարության գործունեության գերակա ուղղություն առանձնացնելով զարգացման օրակարգի առաջմղումը:  

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի շուրջ։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]