1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քրդերի ուղղությամբ Անկարան պատրաստ է առեւտրի. Շահան Գանտահարյանի հոդվածը

Քրդերի ուղղությամբ Անկարան պատրաստ է առեւտրի. Շահան Գանտահարյանի 
հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: 

Թրամփն ասել է, որ սկսում են Սիրիայից զորքերի՝ վաղուց հասունացած դուրսբերումն ու միաժամանակ տարբեր կետերից ուժգին հարվածներ են հասցնում այն ամենին, ինչ մնացել է ԴԱԻՇ-ի խալիֆայությունից: Նա հավաստիացրել է, որ կրկին հարձակում կգործեն այնտեղ, որտեղ կվերաձևավորվի ԴԱԻՇ-ը: Տնտեսապես կկործանեն Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել քրդերի վրա։ Թրամփը նման գրառում է արել «Թվիթերի» իր էջում։

Թուրքական հակազդեցությունը չէր ուշանալու. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարությամբ է հանդես եկել: 

«Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի նա դուրս չբերի զորքերը Սիրիայից, և նա դժվար իրավիճակում է, սակայն նման թեմաները համացանցում քննարկել չի կարելի»,- ասել է նա: Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան սպառնալիքներից չի վախենում: 

Թրամփի կողմից նման եղանակով, նման ոճով ու բովանդակությամբ հայտարարություն անելը դարձել է ամերիկյան քաղաքականության համար օրինաչափ երեւույթ։ Դա հուշում է նաեւ այն, որ սպառնալիքը զուտ հայտարարողական է եւ անպայման գործնական տեսք չի ունենալու։ Այսուհանդերձ, Անկարային ուղղված սպառնալիքը ընդհանուր պարունակում պետք է դիտարկել։ Եթե մի կողմից Վաշինգտոնը հայտարարում էր սիրիական տարածքներից իր զորքերի դուրսբերման մասին, ոչ շատ ուշ հստակեցնում էր, որ դա արագ տեղի չի ունենալու։ Սա արդեն պարզ ուղերձ էր, որ սիրիական հանգուցալուծման գործընթացը երկարատեւ է եւ թե քրդերը դեռևս շահարկվելու են Վաշինգտոնի կողմից։ Հիմա այս գործընթացն է, որ տեղի է ունենում։ Թրամփն ասում է, որ Անկարան, Մոսկվայի եւ Թեհրանի հետ իր ծրագրերը համաձայնեցնելով չի կարող քրդական մաքրազտումներ իրականացնել իր շահագրգռված տարածքներում։ 

Սպառնալիքը սակայն տնտեսական բնույթ ունի։ Այլ խոսքով Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դիմաց տնտեսական պատժամիջոցներ կամ տնտեսությունը քանդելու սպառնալիքներ են հնչում։ Տնտեսականն ընդդեմ ռազմականի նույն անմիջակությունն ու արագ համարժեք հակահարվածի ազդեցությունը չի ունենալու։ Այլ կերպ ասած՝ թուրքերը քրդերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու դիմաց ամերիկյան զինվորական պատասխան չեն ստանալու։ Իսկ տնտեսական պատժամիջոցները, նույնիսկ եթե կիրառվեն, կարող են առկախվել, ինչպես եղավ Անկարայի դեմ Վաշինգտոնի կիրառած տնտեսական թավշյա պատժամիջոցների դեպքում։ 

Ուրեմն. Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ սպառնական ոճով, սակայն ըստ էության ոչ համարժեք հակահարվածի  զսպելու հայտարարությամբ հանդես կգա  եւ մյուս կողմից պարզ  է դարձնում, որ քրդերի դեմ շղթայազերծելի պատերազմը Անկարան չի կարող շրջանցելով ԱՄՆ-ին, համաձայնեցնել Մոսկվայի ու Թեհրանի հետ։ 

Չավուշօղլուի արձագանքման մեջ կան որոշ դիտարկելի կետեր։Սպառնալիքներից չվախենալու պատասխանը օրինաչափ է եւ ակնկալելի։ Որեւէ պետություն նման արձագանքում կունենա իր դեմ ուղղված քանդման սպառնալիքներին։ Դիտարկելին արձագանքման առաջին բաժնին է վերաբերվում։ Անկարայի արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը նշում է, որ նման խնդիրներ սոցցանցերի ճանապարհով չեն քննարկվում։ 

Չավուշօղլուն նախ քաղաքագիտական էթիկայի դաս է տալիս ԱՄՆ նախագահին եւ ապա որոշ հեգնանքի երանգ է ներառում իր պատասխանում։ Միաժամանակ սակայն ասելով այն, որ քրդերի դեմ Անկարայի մշակած զինվորական ծրագիրը կարելի է քննարկել։ Դա է պատճառը հավանաբար, որ հակառակ հայտարարություններին, զորքերի ներխուժման կանաչ լույսերին սիրական համապատասխան տարածքներում թուրքական զորքի հայտարարած տարողությամբ ներխուժում չի գրանցվել առ այս պահը։ 

Չավուշօղլուի արձագանքման այդ բաժինը նախանշում է, որ Անկարան պատրաստ է քրդերի ուղղությամբ քաղաքական առեւտրի։ Եւ որեւէ հիմնական ծրագիր չի իրականացնի առանց ամերիկյան համաձայնության։ 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]