Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի լիիրավ մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հունվարի 14–ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մասիս Մայիլյանը կարևորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտության գոտում կայունության պահպանումը։ Նա նշել է, որ Արցախի իշխանությունները մշտապես աջակցել են ԵԱՀԿ առաքելության կողմից Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և զինված ուժերի շփման գծում իրականացվող հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանը, ինչպես նաև հանդես եկել՝ հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ու դիտարկման հնարավորությունների ավելացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը՝ ուղղված շփման գծում կայունության պահպանմանն ու կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նա նշել է, որ Արցախը միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։

Կարգավորման գործընթացում արդյունավետության ապահովման առումով Մասիս Մայիլյանն ընդգծել է բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումն ավելի է հստակեցվել, մասնավորապես՝ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության շուրջ, և լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումներին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար պատասխանատվության իրենց բաժինը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ ԱԳՆ կողմից հետևողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են Արցախի ԱԳՆ շուրջ տասը հուշագրեր և այլ փաստաթղթեր։

ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում նշված երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններով։

Ներկայացնելով Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ու ամրապնդման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, նշել է, որ 2018 թ. մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Ընդլայնվել է նաև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ընդգրկելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Ընդհանուր առմամբ, 2018 թ. ընթացքում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Արցախի և օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջև։

Միևնույն ժամանակ, հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ գործնական բնույթ հաղորդելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հաստատված հարաբերություններին․ մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Արցախի տարբեր համայնքներում կրթության, ենթակառուցվածքների ստեղծման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Կազմակերպվել են նաև հինգ օտարերկրյա քաղաքների քաղաքապետերի գլխավորությամբ պատվիրակությունների այցերն Արցախ, որոնց շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Մասիս Մայիլյանը նաև անդրադարձ է կատարել արտաքին գործերի նախարարության միջազգային կապերի զարգացման և խորացման ուղղությամբ իրականացված գործունեությանը։ Նա կարևորել է Արցախի միջազգային համագործակցության ընդլայնումն ու միջազգային գործընթացներում ներգրավվածությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը դիմակայելու տեսանկյունից։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ 2018 թ. գերատեսչության աջակցությամբ կազմակերպվել են Արցախի Հանրապետությունից պաշտոնական պատվիրակությունների մի շարք արտասահմանյան այցեր, ինչպես նաև Արցախ են այցելել պատվիրակություններ՝ օտարերկրյա տարբեր պետություններից և միջազգային կառույցներից։ ԱԳ նախարարն ընդգծել է 2018 թ. մարտի 12-ից 19-ը Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության պատվիրակության քաղաքական այցը ԱՄՆ՝ կարևորելով այն Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի և՛ պաշտոնական, և՛ վերլուծական շրջանակներին Արցախում առկա իրողությունների, քաղաքական գործընթացների և տարածաշրջանային խնդիրների շուրջ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու առումով։

Իրականացվել են նաև արտասահմանյան այցելություններ՝ Արցախի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը աջակցություն է ցուցաբերել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափով տարբեր երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Այս համատեքստում կարևորվել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այցը Ֆրանսիա, առանձին պատգամավորների այցերն ԱՄՆ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Կազմակերպվել են նաև Եվրոպական խորհրդարանից, Կիպրոսից, Բելգիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Կալիֆորնիայից օրենսդիրների պատվիրակությունների Արցախ այցելություններ։

2018 թ. առաջին անգամ պատրաստվել է երկու կամավոր զեկույց՝ Արցախի Հանրապետության կողմից 1992 թ. նոյեմբերի 26-ին միակողմանի կարգով միացած «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման, ինչպես նաև Արցախում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակների իրականացման վերաբերյալ, որոնք ուղարկվել են ՄԱԿ համապատասխան կառույցներ։

Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը նաև նշել է, որ ԱԳՆ և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կողմից հետևողական գործունեություն է իրականացվել՝ արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և միջազգային լսարանին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ՝ ներգրավելով նաև նոր ռեսուրսներ։

2018 թ. Արցախ են այցելել օտարերկրյա շուրջ 45 լրատվամիջոց ներկայացնող 127 լրագրող: Գործարկվել է ԱԳՆ նոր պաշտոնական կայքէջը, որը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև լայնորեն տարածվել Արցախի ԱԳՆ հեղինակած՝ «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը, որը հիմնականում նախատեսված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։

2018 թ. արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին, Սումգայիթում հայերի ցեղասպանության 30-ամյա տարելիցին, շարունակվել են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում միջոցառումները, որոնք անց են կացվել Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական բոլոր 12 քաղաքներում։

ԱԳՆ գործունեության ուղղություններից էր նաև հայկական սփյուռքի հետ կապերի զարգացումը։ Աշխատանքներ են տարվել` ուղղված սփյուռքի տարբեր համայնքների և միությունների հետ համակողմանի կապերի ամրապնդմանը, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվել հայկական համայնքների կողմից Արցախում զարգացման ծրագրերի իրականացմանը:

Ամփոփելով՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ 2019 թվականին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, այդ թվում՝ արտաքին տնտեսական կապերի խորացման, սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու հզորացման, միջազգային հանրությանն արցախյան իրողությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հասցնելու և երկրի դրական վարկանիշի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման ուղղություններով։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ