Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Արմեն Աբրոյանի հավաստիացմամբ՝ Արամի, 23 հասցեի հարակից տարածքի շինարարական աշխատանքներն անօրինական են

Արմեն Աբրոյանի հավաստիացմամբ՝ Արամի, 23 հասցեի հարակից տարածքի 
շինարարական աշխատանքներն անօրինական են

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում հունվարի 11-ին փլուզվել է Արամի, 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանի պատը,  չեն համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Նախարարության կողմից թույլատրելի միակ օրինական համաձայնեցված նախագիծը եղել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» կողմից ներկայացված  նախագիծը, որը ենթադրել է Արամի, 23 հասցեում գտնվող շենքի հիմնատակերի ամրացումը, ինչի դեպքում հուշարձանը չի քանդվի»,-նշեց նա:

Աբրոյանի խոսքով` դեռ 2018 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ հուշարձան-շենքի անմիջապես հարակից պատին  կից տարածքում «Հին Երևան» ծրագրի շրջանակում եռահարկ շենք կառուցելու նպատակով հողային աշխատանքներ են կատարվել, ինչի պատճառով  վնասվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի հարակից պատը:

«Մենք արձագանքել ենք  «Հայաստանի փոքրիկ երգիչների» ահազանգին և դիմել Երևանի քաղաքապետարան, որպեսզի խնդրի կարգավորման համար միջոցներ ձեռնարկվեն: Հայտնել ենք, որ շինարարական աշխատանքներն անօրինական են ու պահանջել ենք փաստաթղթերը ներկայացնել, որովհետև շինարարական գործողություններ են կատարվել, և թույլտվություն է տրվել առանց ՀՀ մշակույթի նախարարություն համաձայնության»,-պատմեց Աբրոյանը:

Նա ընդգծեց, որ բանակցել է կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ, և պարզվել է, որ Վարդանյանն անգամ չգիտի Արամի, 23 հուշարձան-շենքի չափագրումը:

«Կազմակերպել եմ հուշարձանի չափագրման աշխատանքները, որի հիման վրա Լևոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծ, այն ուղարկել ենք Քաղաքաշինության կոմիտե, հրավիրել ենք Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, շահագրգիռ կողմերի, մասնագետների, ԱԻՆ ներկայացուցիչների: Նախագիծը քննարկվել է և մերժվել, քանի որ այն նախատեսում էր միջամտություններ, որոնց պատճառով  Արամի,  23 հասցեի հուշարձանը կքանդվեր»,-շեշտեց Աբրոյանը:

Նա մանրամասնեց, որ հարցը քննարկվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ: «Համագործակցելով ոլորտի մասնագետների հետ` Հեքեքյանը  ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրել է նախագիծ:  Հաշվի առնելով հրատապությունը` քննարկել և համաձայնություն ենք տվել: Խնդիրը հուշարձանի հիմքերի ամրակայումն է: Հուշարձանի ֆիզիկական ամրակայումը հնարավոր է դրա հիմնատակի ամրակայման արդյունքում միայն: Ծրագիրն ուղարկել ենք  Քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, որ ընթացք տրվի: Ստացել ենք հայտարարություններ, որ Մշակույթի նախարարությունը նախագծերը չի համաձայնեցրել»,-ներկայացրեց Արմեն Աբրոյանը և հավելեց, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Հին Երևան» ծրագրում միակ համաձայնեցված նախագիծը վերաբերել է կոնկրետ վերոնշյալ խնդրին: Կան նաև փաստաթղթեր:

Աբրոյանը շեշտեց, որ ամիսներ առաջ դիմել են Երևանի դատախազություն, դեռ ամիսներ առաջ քննչական մարմիններից տեղեկացել են, որ գործն ուղարկվել է անկախ փորձաքննության:

Արամի, 23 հասցեում 2002 թվականից գործունեություն է ծավալում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: 2018 թվականին «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակում  պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով վնասվել են շենքի հիմքերը:

Հունվարի 11-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում տեղի է ունեցել փլուզում: Փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և անվտանգ հատված տեղափոխել մեկ դաշնամուր:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ