Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

«Բարգավաճ Հայաստան»-ը ԱԺ նախագահի պաշտոնում կողմ է քվեարկելու Արարատ Միրզոյանի թեկնածությանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու 7-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանի թեկնածությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Բոլորս միաձայն կողմ ենք քվեարկելու Միրզոյանի թեկնածությանը: Խմբակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որոշեց, որ պետք է կողմ քվեարկենք»,-ասաց Պետրոսյանը:

Նման որոշում են կայացրել միայն խորհրդարանի բնականոն աշխատանքներին չխոչընդոտելու համար, թե նաև հենց Միրզոյանին տեսնում են նախագահի պաշտոնում հարցին ի պատասխան` նա նշեց, որ կողմ և դեմ քվեարկելը երբեք ԲՀԿ-ի համար չի եղել ինքնանպատակ կամ ընտրանքային զբաղմունք:«Եթե մենք չունենք թեկնածու, ապա առաջադրված թեկնածուին պետք է կամ կողմ, կամ դեմ քվեարկենք: Ձեռնպահ քվեարկությունը տրամաբանական չէ: Ցանկացած հարցին դեմ կամ կողմ քվեարկելու համար մենք վերլուծում ենք դրա դրական և բացասական կողմերը: Եվ մեր կարծիքով` Արարատ Միրզոյանը հավակնում է հիմնականում դրական դերակատարություն ունենալ»,-ասաց Պետրոսյանն ու հույս հայտնեց, որ Միրզոյանը ապագայում բացառապես դրական դերակատարություն կունենա:

Պետրոսյանը խորհրդարանի նախագահից ակնկալում է առաջին հերթին շրջահայաց մոտեցում խորհրդարանի առջև դրված խնդիրները արդյունավետ և սեղմ ժամկետում լուծելու ուղղությամբ: Ակնկալում է, որ նա իրենից կախված և օրենքով հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի իսկապես Ազգային ժողովի սահմանադրական դերն ապահովվի: Պատգամավորը նկատեց, որ այն քաղաքական ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն է, նույն քաղաքական ուժն է, որի ներկայացուցիչները նաև զբաղեցնում են գործադիրի պորտֆելները: «Հիմա պետք է ճիշտ կանոններ մշակվեն, որ նույն քաղաքական ուժն իր իսկ ներկայացուցիչների նկատմամբ իրականացնի պատշաճ վերահսկողություն: Սա եմ ակնկալում Միրզոյանից: Նա պետք է հասնի նրան, որ Ազգային ժողովը թոթափի կառավարության կցորդի այս պիտակը»,-շեշտեց Պետրոսյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ Միրզոյանը կմոռանա իր կուսակցական պատկանելությունը և կկարողանան արդար և չեզոք մոտեցում ապահովել խորհրդարանում քննարկվող հարցերի նկատմամբ` հիմնական նպատակ ընդունելով միայն ժողովրդին ծառայելու ցանկությունը:

Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Արարատ Միրզոյանն է: ԱԺ-ում ընթանում է նախագահի փակ ընտրություն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ