Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը պատրաստվում է խորհրդարանն ավելի նախաձեռնող դարձնել

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը պատրաստվում է խորհրդարանն 
ավելի նախաձեռնող դարձնել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովը հրաժարվելու է տարիների ընթացքում ձևավորված արձագանքող դերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Արարատ Միրզոյանը:

«Իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70%-ից ավելի ընտրողների վստահության քվեն, խորհրդարանական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնելու նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը: Խորհրդարանը նաև պետք է դառնա ավելի նախաձեռնող, հրաժարվելով արձագանքողի տարիներ շարունակ ձևավորված իր դերից: Իմ եռանդը ներդնելու եմ նաև խորհրդարանական միասնական օրակարգ ձևավորելու գործում»,- ասաց Միրզոյանը:

Նախկին առաջին փոխվարչապետը նշեց, որ կառավարությունում իր առաքելությունն ավարտել է ու պատրաստ է ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը:

«Հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության և իրավունքների: Հենց այս գաղափարներն էին ընկած նաև մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության և հարյուր հազարավոր քաղաքացիների նվիրումի ու պայքարի հիմքում: Ի թիվս այդ քաղաքացիների, իմ համեստ ջանքերն էլ բխում էին հենց այս հավատամքից: Քաղաքացիական և քաղաքական պայքարի մի քանի տարիների և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եղած 1 տարվա ընթացքում: Նույնն էր և հեղափոխությունից հետո, առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս, որտեղ իմ առաջնային առաքելությունը համարում էի հնարավորն ու անհնարինը անելը, որ պետական մեքենան սահուն անցում ապրի և ավելի արդյունավետ շարունակի իր աշխատանքը հեղափոխության և Նոր Հայաստանի հռչակած կանոններով: Այժմ գործադիր իշխանությունում իմ առաքելությունն ավարտված է, և, ձեր համաձայնության դեպքում, ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը»,- նշեց ԱԺ նախագահի թեկնածուն:

Արարատ Միրզոյանը նշեց, որ իր թեկնածությունն այս պաշտոնում հատկապես պատասխանատու և պարտավորեցնող է դառնում այն գիտակցմամբ, որ նոր խորհրդարանը ձևավորվել է արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ