Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Արարատ քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար

Արարատ քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ 
խուլիգանություն կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի՝ 26-ամյա բնակչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նույն օրը՝ ժամը 01:15-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել նաև 1987թ. ծնված տղամարդու հայրը՝ նշելով, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց 26-ամյա  հարևանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետևանքով իր 31-ամյա որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2019թ. հունվարի 6-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և ընդունվել վարույթ: 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանից կրակված 2 հատ պարկուճ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել խուզարկություն:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը, պոլիկլինիկայի տարածքում՝ բազմաբնակարան շենքի բակում, խուլիգանական մղումներով, շրջապատին հակադրվելու և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն է՝ իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մոտեցել է բակում հավաքված շուրջ 15-20 բնակիչներին, հրապարակայնորեն սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել նրանց հասցեին:

Այնուհետև երիտասարդը, սեփական անձի առավելությունը ընդգծելու ձգտումով, 1987թ. ծնված տղամարդուն կանչել իր մոտ, իսկ երբ վերջինս սկսել է առաջանալ, երիտասարդն իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանն ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է նրա ստորին վերջույթների  ուղղությամբ և անընդմեջ 4 կրակոց արձակել ու դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով 31-ամյա տղամարդը ստորին վերջույթների և ձախ դաստակի շրջաններում ստացել է հրազենային վնասվածքներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 8-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում և ձերբակալվել:

2019թ. հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ