Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան «Հայաստանի Փոքրիկ երգիչներ»- ի շենքի պատի փլուզման համար


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում տեղի ունեցած փլուզումից հետո երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դիմել դատարան: Նա կարծում է, որ այս հարցում պատկան մարմինները պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը և բացի պահակից այլ մարդ ներսում չի եղել, ով էլ, բարեբախտաբար, հասցրել է արագ դուրս գալ շենքից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2018-ի նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր  «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենք, ինչից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը լուծում են առաջարկել:

«Այն պատը, որ այժմ փլուզվել է, ամրացնելու համար Էլոյանը շատ լավ լուծում առաջարկեց և մենք համաձայնություն տվեցինք: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ինձ ասաց, որ երեք օրում հնարավոր է այդ պատն ամրացնել»,- նշեց Հեքեքյանը:

Նրա խոսքով՝ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն տեղյակ են դեպքի մասին:

Անդրադառնալով երգչախմբի դասընթացներին համերգային շրջագայություններին՝ նա նշեց, որ արդեն մի քանի ամիս է ինչ դադարել են դասերն անցկացնելը:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում՝ հոկտեմբերի 11-ին ելույթ ունենալուց հետո մենք դադարել ենք դասերն անցկացնելը: Պետք է Իսրայել գնայինք շրջագայության՝ հրաժարվել ենք, այժմ հրավիրում են Գերմանիա՝ Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ, իսկ հաջորդ տարի Ինդոնեզիա պետք է այցելեինք, սակայն ամեն տեղ մերժել ենք»,- շեշտեց երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:

Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում:

Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար: 

Վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և մեկ դաշնամուր տեղափոխել անվտանգ հատված:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ