Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Երևան-Էջմիածին ճանապարհին շարունակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան

Երևան-Էջմիածին ճանապարհին շարունակվում է Մանվել Գրիգորյանի խափանման 
միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 12-ին ժամը 10:00-ից մի խումբ երիտասարդներ հավաքվել են Երևան-Էջմիածին ճանապարհին: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Ոստիկանությունը երիտասարդներին հորդորել է չփակել ճանապարհը:

Հունվարի 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանը ազատ էր արձակվել: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:

Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: 




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ