Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրեց ԵՊՀ-ում իրականացրած ուսումնասիրությունները. սպասվում է բուհի հայտարարությունը

Պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրեց ԵՊՀ-ում իրականացրած 
ուսումնասիրությունները. սպասվում է բուհի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփ տեղեկություններ ներկայացրեց ԵՊՀ-ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրացրած հարցերին:

Մինչ իրականացված ուսումնասիրությունները ներկայացնելը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշեց, որ խորհուրդ չի տալիս իրենց գործողությունները միանգամից որակել որպես քաղաքական հետապնդում:

«Անձը կլինի Հանրապետական կուսակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, թե որևէ այլ քաղաքական ուժից նշանակություն չունի: Բոլոր պաշտոնյաները պետք է օրենքի առաջ լինեն հավասար: Արամ Սիմոնյանը իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որոնց մանրամասն կանդրադառնանք: Ներկայացվել է, թե 9 մլրդ-ից ավելի գնումների ուսումնասիրություն ենք կատարել, այնինչ մենք 2.5 մլրդ դրամի գնումներն ենք ուսումնասիրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Սանասարյանը: Նա ավելացրեց, որ իրենց աշխատանքը ստուգում է ներկայացվում, սակայն իրենք կատարում են ուսումնասիրություններ: Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում ստեղծված յուրաքանչյուր տեղեկանքի համար պատասխանատու են:

Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն անդրադարձավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրացրած հարցերին: Մասնավորապես, նշվել է, որ 2015 թվականին շինարարություն իրականացնող մարմինը աղբաթափումներ է կատարել, իսկ վերահսկողական ծառայությունն էլ ասել է, թե այդ ընկերությունը չի ներկայացրել աղբաթափության մասին փաստաթղթեր:

«Ապատեղեկատվություն է, այս երևույթի հետ կապված նույնիսկ բանավոր քննարկում չի եղել: Շինարարության մասով հետևյալն է հայտնաբերվել:  Աշխատանքների իրականացման ընթացակարգ է սահմանվել, մասնակցել է 9 անձ, որից 8-ը ներկայացրել է գնային առաջարկ 210-279 մլն դրամի շրջանակում: Մեկ անձ ներկայացրել է 397 մլն դրամ: Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են, բացի 397 մլն դրամ առաջարկած մասնակցից»,-ասաց Դավիթ Ադյանը: Նրա խոսքով, ուսումնասիրություն իրականացնող խումբը դիտարկել է հիմքերը, թե ինչու են մերժվել ավելի ցածր գնային առաջարկ ներկայացնողները: Պարզվել է, որ որոշումները եղել են ոչ հիմնավոր:

«Օրինակ ներկայացնեմ: 210 մլն դրամ առաջարկած ընկերության հետ կապված տվյալը: Նշվում էր, որ նախկինում փորձառություն որպես ներկայացված պայմանագրերից ոչ մեկը չի գերազանցում մասնակցի գնային առաջարկի 30 տոկոսը, սակայն պարզ թվաբանական հաշվարկի արդյունքում պարզվել է, որ գերազանցում է, և այդ ընկերությունն էլ կարող էր առաջին տեղ զբաղեցնել»,-ասաց Դավիթ Ադյանը: Նա նշեց, որ բարձր արժեք ներկայացրած ընկերությունը, որը հաղթել էր, իր եկամուտների շուրջ 90 տոկոսը Երևանի պետական համալսարան հիմնադրամից էր: Այսինքն՝ այդ ընկերությունը ստեղծվել և աշխատել է բացառապես ԵՊՀ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար:

Հետագայում ուսումնասիրվել է շինարարությունը, և բացահայտվել է շուրջ 24 մլն դրամի ծավալային հավելագրում, 17 մլն դրամի պայմանագրով նախատեսված միավոր գներից թանկ գնով շինաշխատանքի իրականացում, բացահայտվել է նաև գերշահույթ:

Պահնորդարական ծառայության մրցույթի մասին ԵՊՀ-ն բարձրաձայնել է այն մասին, թե կարող էին ոչ թե 50 մլն դրամի պայմանագիր կնքել, այլ ավելի ցածր գնով: Դավիթ Ադյանը նշեց, որ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով, արձանագրվել է հետևյալը: 2015 թվականին բաց ընթացակարգ է սահմանվել, նախատեսվել է, որ կազմակերպությունը մինչև 2019 թվականը պահնորդական ծառայություն կմատուցի: Նշվել է պայման, որ ընկերությունը պետք է ունենա նախկինում բուհերում պահնորդական ծառայություն իրականացրած փորձ: Երեք ընկերություն է մասնակցել, որից երկուսն ունեցել է նման փորձ, մեկը՝ ոչ: Որ ընկերությունը չի ունեցել, զբաղեցրել է առաջին տեղ:  Նախատեսվել է, որ պայմանագիրը պետք է գործի 2015-2019 թվականը, սակայն տեխնիկական բնութագրում գրվել է ՝ ծառայության մատուցումը միայն 2015 թվականի 8 ամսվա համար: Ինչը, ըստ Դավիթ Ադյանի, խախտում է: Դրանից բացի, պայմանագիրը կնքելուց հետո 2 ամիս անց պայմանագրի միավորի գինը բարձրացվել է 12 տոկոսով:

«Մասնակիցը գնային առաջարկ է ներկայացրել, որ այս ամբողջ ծառայությունը պատրաստ է մատուցել 6 մլն 125 հազար դրամով, 2 ամիս անց կնքվել է համաձայնագիր, որ այդ ծառայության արժեքը կարող է թանկանալ: Սա խախտում է: Հղում է կատարվում օրենքի այն դրույթին, որտեղ խոսվում է գործոնային գնի մասին, սակայն հստակ կա սահմանում, գործոնների փոփոխության ազդեցությամբ կարող է փոփոխվել այդ գինը, սակայն գինը կարող է փոփոխվել միայն 3 տարին գերազանցող ժամկետի համար»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ այս գործը բոլոր փաստարկներով գնալու է դատարան: Նա ընդգծեց, որ Արամ Սիմոնյանն էլ կարող է վիճարկել ցանկացած գործողություն:

«Արմենպրես»-ը պարզաբանման համար դիմեց ԵՊՀ լրատվական ծառայություն, որտեղից տեղեկացրեցին, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]