Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Արա Բաբլոյանը հատուկ շնորհակալություն հայտնեց 6-րդ գումարման ԱԺ աշխատանքները լուսաբանած լրագրողներին


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որոնց աշխատանքի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ իրենց ճիշտ լուծումները ստացան 2018-ի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բաբլոյանն ասաց հունվարի 11-ին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների տոնական ընդունելության ժամանակ:

«2018 թ. բավական բարդ տարի էր ողջ երկրի և խորհրդարանի համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր նաև, որ խուսափեցինք իրավիճակի շիկացումից և կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ և այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին, ովքեր բարձր մակարդակով իրականացրին Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքի լուսաբանումը: Ավելի հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները»,- ասաց Բաբլոյանը:

Մասնագիտությամբ բժիշկ ԱԺ նախկին նախագահը զուգահեռներ տարավ նաև իր և լրագրողի մասնագիտության միջև:

«Մասնագիտության բերումով բժիշկներն ու լրագրողներն ասես կոլեգաներ լինեն: Բժշկության հիմնական սկզբունքներից մեկը հետևյալն է. ախտորոշել, և հետո միայն միջամտել, քանի որ առանց ճիշտ ախտորոշման կունենանք ավելորդ, գուցե` վնասակար միջամտություն, ցանկանում եմ, որ այս սկզբունքը անդավաճան կերպով կիրառեք նաև լրագրության մեջ»,- ասաց Արա Բաբլոյանը:

Հունվարի 14-ից իր աշխատանքները կսկսի 7-րդ գումարման Ազգային ժողովը: Նոր խորհրդարանում ներկայացված կլինեն 3 քաղաքական ուժեր` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ