Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիները վերսկսել են բողոքի ակցիաները


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  բողոքի ակցիայի մասնակիցները բոլորին կոչ են անում հունվարի 11-ին, ժամը 16:00-ին հավաքվել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ կայանալու է Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:

Բողոքի գործողությունները մինչև ժամը 15:00-ն տեղի կունենան Էջմիածնում, իսկ 16:00-ին՝ կշարունակվեն Երևանում: «Բոլորով կլինենք դատարանի մոտ և կպահանջենք Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի անհապաղ փոփոխությունը, նրա կալանավորումը և դրանից բխող մյուս գործողությունների իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ էր արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց: Դրան հաջորդել էին էջմիածինցիների բողոքի գործողությունները՝ ուղղված Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Դատախազությունը հայտարարել էր Մանվել Գրիգորյանին  գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին:

  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ