Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի  և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ հանդիպումից:

  Ջորջ Բարսեղյանը նշեց, որ ակտիվությունը սկսվեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակվելուց հետո: Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիվ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ: Այդ ժամանակ ընտրվեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչություն, որը գլխավորեց Ջորջ Բարսեղյանը: 

«Հարց դրվեց, որ այս վարչությունն ակտիվացնի Սիրիա-Հայաստան կապերը: Առաջին քայլն այն եղավ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի հետ: Շատ արագ դրական արձագանք եղավ: Հանդիպում նախատեսվեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչությունը պատվիրակություն կազմեց, որում ընդգրկված էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,-ասաց Ջորջ Բարսեղյանը: 

Նա նկատեց, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել: ԱՄՆ-ը մտածում է զորքերը դուրս բերելու մասին և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված: 

«Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա: Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում  առաջնահերություն տրվելու է հայերին» ,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Նա նկատեց, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել: Ջորջ Բարսեղյանը պատահական չհամարեց այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել:

Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ: Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար:

«Մեր այցելությունը մի քանի նպատակ ուներ: Նախ` Հայաստան-Սիրիա կապերի ակտիվացումն ու ամրապնդումը: Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որի հասարակության մեծ մասը Սիրիայի ներկա կառավարության կողմնակիցն է, ի վերջո մենք այդ իշխանության կառավարման ժամանակ կարողացել ենք բավական հաջողության հասնել: Պատշաճ առիթ էր մեր աջակցությունը ցույց տալու: Ի վերջո, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Լաթաքիայում: Տեղի հայերը շատ լավ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, մենք պետք է նաև այդ մասին մտածենք»,-ասաց Ջորջ Բարսեղյանը: 

Բաշար Ասադի հետ հանդիպումը նշանավորվել է խորհրդանշական նվերի փոխանցմամբ: Սիրիայի նախագահին է փոխանցվել Հայաստանում գտնվող մի հուշարձանի մակետ, որը խորհրդանշում է հայերի երախտագիտությունը Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանության տարիներին տրամադրված մեծ աջակցության համար: Հուշարձանը գտնվում է դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին, այն կառուցվել սփյուռաքահայերի միջոցներով: Հուշարձանը պատկերում է  Սիրիայի քարտեզը, հայկական արծիվը, հավերժության սյունը, որի վրա գրված է 1915 թվական: 2013 թվականին տեղի է ունեցել հուշարձանի ոչ պաշտոնական բացումը: 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեկտեմբերի վերջին իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը, Հայաստանի գործարարներին՝ Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը և երկրի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մեկը, որոնք արդար իրավունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին:

Աննա Գզիրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ