Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Արցախի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Շուշիում շմոլ գազից թունավորման հետևանքով 3 մարդու մահվան փաստի առթիվ


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շուշի քաղաքում շմոլ գազի թունավորման հետևանքով երեք մարդու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

«Ս.թ.հունվարի 8-ին ժամը 19:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի շենքերից մեկում շմոլ գազի թունավորումով 3 մարդ է մահացել:  ԱՀ ոստիկանության Շուշի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն բնակարանի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ժ. Մ-ն,1990թ.ծնված Ա. Ա-ն և վերջիններիս որդի՝ 2014թ.ծնված Ս. Մ-ն հունվարի 8-ին ժամը 17:00-ի սահմաններում նախնական տվյալներով մահացել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից, իսկ նրանց դուստր՝ 2011թ.ծնված Ն. Մ-ն շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, տարվում է նախաքննություն։ Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11 ծառայություն կամ 1-02։ ԱՀ ոստիկանությունն իր հերթին համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները»,- ասված է արցախի ոստիկանության հաղորդագրության մեջ։

Խնդրին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Սարսափելի միջադեպ է... Ցավակցություններս մահացածների հարազատներին: Սպասում էի քրեական գործի հարուցմանը: Պետք է այսպիսի միջադեպերը ամենայն խորությամբ ուսումնասիրվեն և հետևություններ կատարվեն հետագա դեպքերից խուսափելու համար: Կարծում եմ՝ հանրային ծառայություն մատուցող ընկերությունը, տեղական ինքնակառավարման ու պետական լիազոր մարմինները զգալի անելիք ունեն այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս բարձրացվի գազի սպասարկման անվտանգության աստիճանը և կանխարգելվեն նոր միջադեպերը: Իսկ քաղաքացիներն իրենց հերթին պետք է անվերապահորեն հետևեն անվտանգության կանոններին ու մասնագետների ցուցումներին, քանի որ հարցը վերաբերում է մարդկային կյանքերին ու առողջությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ