1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնակատարի առաջ կառույցի դռները բացվեցին միայն ոստիկանների օգնությամբ

 Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնակատարի առաջ կառույցի դռները 
բացվեցին միայն ոստիկանների օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հունվարի 9-ին փորձեց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմին ներկայացնել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանին: Փոխնախարարը և Փալանջյանը հայտնվեցին փակ դռների առաջ: Արդյունքում նրանք ստիպված եղան թատրոնի շենք մուտք գործել ՀՀ ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աջակցությամբ:

«Նման իրավիճակում ես պարզապես չգիտեի ինչպես վարվել: Մտածում էի, որ այլ ելք չկա: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ խնդրեց դիմել ոստիկանություն: Ոստիկանության ներկայացուցիչներին բացատրեցի պահանջը, ասացին, որ մենք իրավունք ունենք մուտք գործել թատրոն, քանի որ այն պետական տարածք է և գտնվում է նախարարության ենթակայության տակ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փոխնախարարը:

Նա պատմեց, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին:

Փոխնախարարի խոսքով` համաձայն Լիլիթ Մակունցի որդեգրած քաղաքականության` երբ այս կամ այն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանում է, այն չի երկարացվում: Ըստ կարգի` նախարարը վեց ամսով նշանակում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև նախկին տնօրենները:

«Թատրոնի շենքի բանալիների ու կնիքի հանձնման և ընդունման արարողությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 28-ին, բայց Գայանե Կարապետյանն ասաց, որ քաղաքում չէ: Որոշվեց այսօր դա անել և ներկայացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին»,-ասաց Ղարիբյանը:

Նա ընդգծեց, որ թատրոնում օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ կան: «Թատրոնն անգամ փակման եզրին է կանգնած, բայց մենք որոշեցինք վերջին ճիգով ոչ թե փակել, այլ փորձել վերակենդանացնել այն: Այդ դեպքում նույն տնօրենը չէր կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար: Մի քանի ամսվա ընթացքում գտանք պրոֆեսիոնալ մարդու, ով կարող է ստանձնել այդ պարտականությունները»,-ներկայացրեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ ամեն ինչ արվում է օրենքով և մի քանի օրվա ընթացքում կփորձեն շտկել ստեղծված բարդ իրավիճակը:

Թատրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանն ասաց, որ աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի դերասան, դասավանդում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես դասական պարի ուսուցիչ և դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

«Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ստեղծման օրվանից պարել եմ այնտեղ: Այդ ժամանակ դեռ երեխա էի: Վերջին շրջանի խնդիրներին ծանոթ չեմ և չեմ ճանաչում նախկին տնօրենին, թատերախմբի անդամներին, քանի որ վաղուց կապը թատրոնի հետ խզվել էր»,-նշեց Փալանջյանը և հավելեց, որ ունի նախնական ծրագիր, որը ներկայացրել է Մակունցին և շատ է ցանկանում, որ թատրոնը դառնա այն, ինչի մասին երազում են: «Չեմ ուզի առաջ ընկնել, բայց հուսամ` ամեն ինչ լավ կլինի»,-եզրափակեց նա:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1997 թվականի մարտի 1-ին՝ հայկական ազգային, դասական պարարվեստի ավանդույթները պահպանելու, ժամանակակից պարարվեստը Հայաստանում ներմուծելու և զարգացնելու նպատակով: Թատրոնի նպատակն է հանդիսանալ միջնաբեմ պարարվեստի ուսումնարանի սաների համար դեպի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]