Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Տիկնիկային թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր ներկայացումներով


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում 2019-ին կբեմադրվեն հետաքրքիր ներկայացումներ ինչպես երեխաների, այնպես էլ`մեծահասակների համար: Թատրոնը կմասնակցի միջազգային փառատոնների, հյուրախաղերի կմեկնի Հայաստանի մարզեր:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Այդ կապակցությամբ մենք մի քանի ներկայացում ենք պատրաստում մեծ դասականի ստեղծագործությունների հիման վրա: Նախատեսում ենք նաև դրամատիկ բեմադրություն անել աուտիզմով հիվանդ երեխայի մասին: Փոքրիկների դատին կհանձնենք «Վիննի Փուհ արջուկի» երկրորդ մասը: Հայտնի արջուկին կմիանան նոր կերպարներ»,-նշեց Բաբայանը և հավելեց, որ հունվարի 18-ից թատրոնի խաղացանկը կհամալրի Զարուհի Անտոնյանի «The Best of Shakespeare» ներկայացումը, որը նախատեսված է մեծահասակների համար:

Անդրադառնալով փառատոններին մասնակցությանը` Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ անցյալ տարի Տաթև Մելքոնյանի «Я здесь» ներկայացումը փառատոններից մեկում արժանացել է մրցանակի, ինչից հետո այն հրավեր է ստացել 2019-ին մասնակցելու Մոսկվայի Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին:

«Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը կմասնակցի «Մարդ-կոնտակտ» միջազգային փառատոնին: «Թևավորը» բեմադրությամբ հանդես կգանք Օմսկի միջազգային փառատոնին:
Կան ևս մի քանի հրավերներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել»,-շեշտեց նա:

Բաբայանը խոսեց նաև թատրոնների առջև ծառացած խնդիրների մասին և ընդգծեց, որ թատրոնների գործունեությունը բարդացել է, քանի որ թատրոնների հաշիվները տեղափոխվել են գանձապետարան: «Յուրաքանչյուր լումա ծախսելու համար հազար թույլտվություն է պետք: Մի խոսքով` բյուրոկրատիզացիա է տեղի ունենում: Այն օրենքները, որոնք կան մեր երկրում, և որոնց շրջանակում  գործում է թատրոնը, բացարձակ հաշվի չեն առնում այս ոլորտի առանձնահատկությունը` ստեղծագործական բնույթը»,-նշեց Բաբայանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ամեն մի լումա գնում է գանձապետարան, իսկ նախկինում աշխատում էին բանկերի հետ, ինչն ավելի արդյունավետ էր: «Դու պետք է ունենաս գնումների մեծ ցուցակ, որում հստակ գրված կլինի, թե ինչ է պետք ձեռք բերել տարվա ընթացքում: Պատկերացրեք, որ նկարչից պահանջեն, որ նա հստակ նշի, թե տարվա ընթացքում որ ներկից ինչքան է օգտագործելու: Հնարավո՞ր է: Այո, հնարավոր է, բայց հիմարություն  է: Սա ստեղծագործական աշխատանք է. ներկայացումը բացառիկ ստեղծագործություն է, յուրահատուկ ու չկրկնվող: Չի կարելի կանխատեսել, թե այս կամ այն թատերական ներկայացման համար որքան գումար է անհրաժեշտ: Մենք գործ ունենք գեղագիտության հետ, իսկ նոր կարգը գեղագիտությունը բացառում է»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Անժելա Համբարձումյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ