Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

ՓՄՁ-ներում գրանցված աշխատողների թիվն աճել է  


ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հարկային օրենսգրքում կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք նպաստելու են  փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը:  ՓՄՁ ոլորտում գրանցված հաջողությունների և նախատեսվող աշխատանքների, ինչպես նաև մշակվող նոր ռազմավարության  մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի հետ:

-Այս տարի ի՞նչ աշխատանքներ են կատարվել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում:

-Առաջին աշխատանքները, որոնք սկսվել են հուլիսի վերջից սկսած, ինչպես գիտեք, հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարելուն էին վերաբերում: Քանի որ մենք պատասխանատու ենք հենց ՓՄՁ-ների համար, որոշել ենք ավելի ներառական և մասնակցային դարձնել այդ գործընթացը:  Այդ նպատակով օգոստոսի 1-15-ը շատ արագ կազմակերպել ենք հանդիպումներ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ՓՄՁ-ների շահերը ներկայացնող կառույցների հետ` 16 հանդիպում ենք ունեցել և մարզերում, և Երևան քաղաքում, որոնցում ներգրավված է եղել ավելի քան 450 մասնակից:  Երևան են հանվել այն խնդիրները, որոնք, ըստ ՓՄՁ ներկայացուցիչների, այդ պահին ավելի առաջնահերթ են եղել, որովհետև ամբողջ հարկային օրենսգրքի փաթեթը փոփոխելը օրակարգում դրված չէր:

Մասնավորապես, հունվարի 1-ից արդեն գործող հարկային օրենսգրքով շրջանառության հարկի շեմը իջնելու է : Ինչո՞ւ եմ շեշտում շրջանառության հարկի շեմի իջեցումը, որովհետև ՓՄՁ-ի մոտ 68 տոկոսը հենց շրջանառության հարկման ռեժիմում է գործում, և գործարարներին մտահոգող հարցերից մեկը հենց դա էր: Այնուամենայնիվ, հարկային օրենսդրության պատասխանատուները Ֆինանսների նախարարության գործընկերներն են ՝ աշխատանքային խումբ է ձևավորվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ , որտեղ մոտ երեք տասնյակից ավել աշխատանքային հանդիպում է եղել մինչ այսօր: Այդ հանդիպումների արդյունքում ձևավորվել է նախնական նախագիծ, որն արդեն դրվել է հանրային քննարկման: Կարող եմ ասել, որ այդ նախագծում որոշակի խնդիրներ, որոնք ՓՄՁ ներկայացուցիչները բարձրացրել էին մեր հանդիպումների ընթացքում, արդեն լուծում են ստացել:

Այս ընթացքում նաև լուծվել է  գինեգործության փոքր ձեռնարկությունների խնդիրը: Այդ ձեռնարկությունները  ներկայումս չեն կարող օգտվել այլընտրանքային հարկման ռեժիմից ՝ շրջանառության հարկման ռեժիմից կամ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմից, նրանք գործում են հարկային օրենսգրքից դուրս, որը և պետության կողմից ընկալելի չէ, բիզնեսի զարգացման տեսանկյունից՝  նույնպես: Այս հարցը լուծում ստացավ տվյալ նախագծում և միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում արդեն թույլատրվում է, որպեսզի այդ գինեգործության փոքր ձեռնարկությունները կարողանան այնտեղ գրանցվել և աշխատել հարկման ռեժիմում:

Մյուս կարևոր փոփոխությունը, որը ևս ընդունվել է ընտանեկան ձեռնարկատիրության ոլորտում` օրենքը թույլ էր տալիս այնտեղ ներգրավված վարձու աշխատողներ լինեն բացառապես ընտանիքի անդամները: Այս դեպքում նման բացառություն չի սահմանվել, այլ կարող են ոչ ընտանիքի անդամներ նույնպես ներգրավվեն որպես վարձու աշխատողներ: Հաշվի առնելով այն փաստը, որ նոր ձևավորված կառավարության նկատմամբ բարձրացել է վստահությունը, ձեռնարկատերերը սկսել են գրանցել իրենց չգրանցված աշխատողներին:

Բացի այդ, փոքր բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնում էին եկամտահարկի ծանր բեռի խնդրի մասն, այս դեպքում միկրոձեռնարկությունում ներգրավված վարձու աշխատողները վճարում են 5 հազար դրամ ֆիքսված եկամտային հարկ, որը նրանց համար վերջնական հարկային պարտավորություն է: Սա նշանակում է, որ գործիք է տրվում փոքր բիզնեսին, որ նրանք, կառավարության նկատմամբ վստահության հետ զուգահեռ, հայտարարագրեն իրենց վարձու աշխատողներին և գրանցեն նրանց: Խոսքը վերաբերում է տարեկան մինչև 20 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ու հիմնականում արտադրության ոլորտին: Սա հիմնական կետերն են, որոնք փոքր բիզնեսին մտահոգում էին  ու այդ նախագծում փաթեթում տեղ գտան: Իհարկե, կան հարցեր, որոնք վերաբերում են ընդհանուր հարկային օրենսդրության պարզեցմանը, որը, հուսով եմ, սկսվող տարում ավելի գլոբալ փոփոխությունների փաթեթ կկազմվի, և այնտեղ կներառվի նաև այդ հարցերը:

-ՓՄՁ-ների ոլորտի հետ կապված ինչպիսի՞ վիճակագրություն կարող եք ներկայացնել:

-Եթե նախորդ տարվա համեմատ եղել է 53 հազար 736 շրջանառության հարկ վճարող, ապա այս տարի՝ 59 հազար 782 տնտեսավարող: Կարծում եմ, շատ ավելի կարևոր է, որ շրջանառության հարկ վճարողների մոտ վարձու աշխատողների քանակը այս տարի հասել է 110 684 հազարի՝ նախկինի 75 հազար 280-ի փոխարեն:

Հաշվարկել ենք, որ մոտ 11 տոկոսի աճ է տեղի ունեցել շրջանառության հարկ վճարողների մոտ, իսկ ուղիղ հաշվարկով գրանցված աշխատողները մոտ 46 տոկոսով ավելացել են: 

Կարծում եմ, շատ լավ ցուցանիշ է, և այս ցուցանիշը միայն նոր աշխատողների ներգրավելու արդյունքում չի գոյացել, այլ նաև, որ տնտեսավարողները սկսել են գրանցել եղած աշխատողներին:

Բնական է, որ այստեղ, բացի կառավարության նկատմամբ վստահությունից, շատ կարևոր փոփոխություն կա, որ պետք է մատնանշել` դա նոր կառավարության քաղաքական կամքն է:

Հաջորդ քայլը , որ իրականացնելու ենք,  պետք է ներդնենք այնպիսի գործիքներ, որպեսզի տնտեսավարողի համար գրանցված աշխատողի հարկային բեռը կրելի լինի իր համար, վճարի և շարունակական աճը ապահովի՝ ցույց տալով իրական եկամուտներն ու գրանցված աշխատողներին:

- Ի՞նչ կարող եք ասել վարկային մատչելիության մասով:

- Այդ հարցերն ընդգրկվել են մեր նոր գրվող ՓՄՁ ռազմավարության փաստաթղթում: Ինչպես գիտեք, 2016-18 թվականների ռազմավարությունը ավարտվել է, և նոր ռազմավարություն պետք է գրենք ու նախանշենք այն ուղղությունները, որ կցանկանանք, որպեսզի մեր կառավարարությունն իրականացնի: Հիմա մի քանի մոդել առաջարկում ենք ռազմավարությունով, ընդ որում` այս ռազմավարությունը փորձ է արվում գրել 5 տարվա համար։ Եվ շատ կարևոր բան, որ ցանկանում ենք իրականացնել ռազմավարության հետ, դա հստակ գործողությունների ծրագիրն է` ինչ միջոցառում պետք է արվի և ինչ ժամկետներում: Նախկինում ռազմավարությանը կից նշված չի եղել, որը նույն մեր եվրոպական գործընկերների կողմից անընդհատ նշվում էր:

-ՓՄՁ-ի զարգացումը կարևոր է նաև մարզերում: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատաքներ են տարվում:

-Դա ևս գերակա խնդիրներից է՝  տարածքային համաչափ զարգացումը: ՓՄՁ-ների 50 տոկոսից ավելի հենց Երևանում են գործունեություն ծավալում: Ռազմավարությունում այդ ծրագիրն էլ կա՝ ուղված տարածքային զարգացմանը: Այս պահին գործող գործիքակազմից Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնն է, որն ունի մարզային գրասենյակներ։ Դրանց միջոցով կարողանում է ՓՄՁ-ներին մատուցել ծառայություններ, որոնք պետական ծրագրով դրված են մեր կառույցի վրա, մատուցեն նաև մարզերում՝ ունենալով իրենց մոտիկ գրասենյակ։ Սակայն ռազմավարությունով ավելի հստակ քայլեր ենք ներկայացնում և ֆինանսական հասանելիության մասով, և ՓՄՁ-ների աջակցության կենտրոնների ստեղծման մասով:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2019 թվականից:

-Բիզնեսի համար շատ կարևոր են մի քանի պայմաններ` ազատ մրցակցություն, աջակցություն պետական համակարգի կողմից, կոռուպցիայի բացակայություն և խաղի հստակ կանոններ: Այս պահին որպես ձեռքբերում կարող ենք ասել.  դա նոր ձևավորված կառավարության քաղաքական կամքն է, որով նրանք թե հայտարարություններով, թե իրենց աշխատանքով ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը, որ մեր երկրում չի լինելու հովանավորչություն պետական մարմինների կողմից բիզնեսին, ձևավորվելու են ազատ մրցակցություն և խաղի հստակ կանոններ: Բնական է, որ մեր անելիքները շատ ավելի շատ են, այսինքն` այս ամեն ինչը, որ հայտարարվել է թե բանավոր, թե նախընտրական ծրագրերում, պետք է կյանքի կոչվի:

Կարեն Խաչատրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ