Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Արմենպրես»-ի նախկին թղթակցի «Երջանկության ոչ մենդելեևյան բանաձևը» գիրքը  

Լույս է տեսել «Արմենպրես»-ի նախկին թղթակցի «Երջանկության ոչ մենդելեևյան 
բանաձևը» գիրքը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցողի դատին է հանձնվել լրագրող, «Արմենպրես»-ի նախկին թղթակից Տաթևիկ Գրիգորյանի՝ «Երջանկության ոչ մենդելեևյան բանաձևը» հուշագրությունը։ Իր առաջին գիրքը հեղինակը նվիրել է  տատիկի՝  մանկավարժ Լիլիա Ատթարյանի  հիշատակին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հեղինակը պատմեց, որ  Լիլիա Ատթարյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ ստեղծված հուշագրությունը նաև հեղինակի ուրույն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանությունը վերապրած և ողբերգական այդ իրադարձության զոհը դարձած իր նախնիների հիշատակին։

«Մեծ եղեռնի մասին մանկուց հենց տատիկիս շնորհիվ էի լսել, իսկ ավելի հասուն տարիքում նա մեզ փոխանցեց իր գեղեցիկ ձեռագրով գրված ռուսալեզու ալբոմը, որտեղ հանգամանալից պատմում է ցեղասպանությունը վերապրած իր ծնողների, նրանց ընտանիքների ճակատագրի մասին»,-նշեց Տաթևիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ գիրք գրելու և տատիկի ժառանգած ձեռագիր ալբոմից հատվածներ այդ հրատարակության մեջ ընդգրկելու գաղափարն առաջացավ բոլորովին պատահական,  2018 թ. սկզբին։ Գրքի ստեղծման աշխատանքները տևեցին կես տարուց ավելի։

«Ես պարզապես հասկացա, որ ձեռքումս ինչ-որ տեղ նաև լրագրողական արժեքավոր տեղեկատվություն է, որին պետք է խնամքով վերաբերվել։ Տատիկս թեպետ երբեք չի խոսել այս մասին,բայց վստահ եմ հավաքագրած նյութը սերունդներին փոխանցելու մտքով է մեզ վստահել։ Ի դեպ, մայրական կողմի մեծ պապիս՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցում հայտնվելու  մասին վկայող փաստաթուղթը, առաջին անգամ հրապարակել եմ 2012 թվականի ապրիլի 24-ին «Արմենպրես»-ում հրապարակված «Ցեղասպանության վերապրողի պատմություն. վավերագրի հետքերով» հոդվածում https://armenpress.am/arm/news/689788/»,- մանրամասնում է Տաթևիկը։

Գրքում ներկայացված են Մեծ եղեռնին առնչվող բացառիկ լուսանկարներ, պատմություններ և փաստաթղթեր ընտանեկան արխիվից:

Ուշագրավ է, որ հուշագրության մեջ անդրադարձ է կատարված նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացված «Արմենպրես»-ի «Ականատեսը» (https://armenpress.am/arm/news/829255)  հատուկ հեղինակային  նախագծին (մեկնարկը տրվել էր 2013թ. ապրիլին), որի շրջանակում  լրատվական գործակալության ստեղծագործական թիմը մի քանի տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրության դատին ներկայացրեց նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների ավելի քան 30 պատմություն, այդ թվում՝ նաև տեսանյութային տարբերակով:

«Ականատեսը» նախագիծը ամենալավ ստեղծագործական հնարավորությունն էր ինձ համար, որ երբևէ կարող էր ընձեռվել, ինչի համար շնորհակալ եմ լրատվական գործակալության ղեկավարությանը և նախագծի աշխատանքներում տաբեր տարիներին կտրվածքով ներգրավված ողջ ստեղծագործական թիմին։ Ուրախ եմ, որ իմ առաջին քայլերը լրագրության ոլորտում հենց այս նախագծի շնորհիվ եմ կատարել։ Նաև որպես մարդ, ով ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդ է ներկայացնում, սա ինձ համար առաջին հերթին հարգանքի տուրք էր, որը փորձել եմ կատարել պատասխանատվությամբ և ամենակարևորը՝ սիրով»,- ընդգծեց Տաթևիկ Գրիգորյանը։

 Մասնագիտական գործունեության վերջին տարիներին նա աշխատում է ոչ թե լրագրության, այլ հանրային կապերի ոլորտում, սակայն «Արմենպրես»-ի միջոցով պարբերաբար ներկայացնում է նոր պատմություններ ականատես-վերապրածների մասին, պահպանել կապը նրանց ընտանիքների անդամների հետ։

«Երջանկության ոչ մենդելեևյան բանաձևը» գիրքը խմբագրել է թուրքագետ, «Արմենպրես»-ի նախկին խմբագիր Արաքս Կասյանը։

Անի Դանիելյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]