Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Ստեփանակերտում հաջորդ տարի երկու թաղամաս կկառուցվի


ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հաջորդ տարվա ընթացքում կկառուցվի ընդհանուր մոտ 500 բնակարան նախատեսող 2 թաղամաս՝ քաղաքի Տիգրան Մեծ և Թումանյան փողոցներում։ Կառուցվող բնակարանների մոտ 30%-ը կգնվի պետության կողմից, իսկ մոտ 70%-ը կիրացվի հիփոթեքային ծրագրերի շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը տարվա ամփոփիչ ասուլի ժամանակ նշել է, որ առաջին խմբի բնակարանները պետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում կնվիրաբերվեն համապատասխան սոցիալական խմբերին պատկանող ֆիզիկական անձանց, իսկ երկրորդ խմբի բնակարանները կիրացվեն 1 մ² 280 հազ. դրամ արժեքով։ Բնակարանները կլինեն 2, 3 և 4-սենյականոց։ 2-սենյականոց բնակարանների մակերեսը նախատեսված է 55 մ², 3-սենյականոցը` 75 մ², 4-սենյականոցը` 95 մ²։

«Գալիք տարում գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրվող փոխառությունների տարեկան տոկոսադրույքը առաջնային շուկայում կսահմանվի 1 տոկոս՝ գործող 5 տոկոսի փոխարեն, իսկ կանխավճարը՝ 5 տոկոս՝ գործող 10 տոկոսի փոխարեն, երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման դեպքում՝ փոխառության մարման ժամկետը կսահմանվի 10 տարի՝ գործող 6 տարվա փոխարեն»,-ասել է նա։

Արցախում 2018 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին իրականացված շինարարության ծավալը կազմել է ավելի քան 43 մլրդ դրամ՝ ապահովելով նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ 10.5% իրական աճ: Շինարարության շուրջ 45%-ը կատարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին (19.6 մլրդ դրամ):

Մարտիրոսյանն ընդգծել է, որ 2018 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորմանը պետական աջակցության ծրագրի շրջանակում 433 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, որոնցից 238-ը՝ նոր բնակարան ձեռք բերելով։

Անդրադառնալով պետական բյուջեին, պետնախարարն ասել է, որ 2018 թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 38.3%-ով կամ 13.3 մլրդ դրամով։ «Ավելի հավաքագրված գումարից 9701.6 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3593.7 մլն դրամը ապահովվել է Արցախում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում»,-հայտարարել է նա՝  հավելելով, որ 2019 թ. համար նախատեսված է պետական բյուջեի սեփական եկամուտների աճ` 2018 թվականի սպասվող ցուցանիշի նկատմամբ 5.7%-ով, հարկային եկամուտները կաճեն 5.3%-ով:       




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ