Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետությունն ուժեղացնում է աշխատանքի խորհրդատուների ինստիտուտը

Պետությունն ուժեղացնում է աշխատանքի խորհրդատուների ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի  գործազուրկի կարգավիճակ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանն՝ ամփոփելով իրականացրած աշխատանքը:

-Պարոն Ուդումյան, ինչպիսի՞ն էր Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը, ինչո՞վ էր այն հատկանշական:

-Նախարարությանը միացա հունիսին։ Առաջին մեկ երկու ամիսը ծանոթության շրջան էր՝մանրամասն ուսումնասիրելու ծրագրերը և  հասկանալու աշխատանքի տրամաբանությունը, թեպետ, վաղուց  եմ ոլորտում, աշխատել եմ թե պետական, թե միջազգային և թե հասարակական կազմակերպություններում: Վերջին վեց ամիսն ինչո՞վ էր հատկանշական: Նախ մենք շարունակել ենք նախկինից եկած ընթացիկ ծրագրերը: Դրանք ունեին երկու մակարդակ՝ ազգային, միջազգային: Ազգային մակարդակում իրականացված աշխատանքներից առանձնացնեմ հետևյալը:  Հաշվի առնելով, որ այս տարի ավարտվում էր Զբաղվածության ռազմավարության ժամկետը, հետևաբար մենք ամփոփեցինք արդյունքները և նախանշեցինք գերակա ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն նոր՝ 2019-2023 թվականների ռազմավարությունում: Միջազգային մակարդակում իրականացված աշխատանքներից կուզենայի նշել հետևյալը: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ  մենք  իրականացնում ենք սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը, որի բաղադրիչ 2-ը վերաբերում է զբաղվածության ոլորտին։ Երբ ես նշանակվեցի, այն կասեցված էր: Այսինքն՝ նախկինից կային աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի մասով մշակված ուղեցույցեր, որոնք արդեն հնացած էին և չէին համապատասխանում աշխատաշուկայի մերօրյա պահանջներին: Բավական ջանք ու ռեսուրս պահանջվեց այդ ծրագրերն ամբոջությամբ  վերանայելու համար և այս առումով 2019 թվականին ակնկալում ենք դրանց արդյունավետ իրականացումը :

-Ի՞նչ աշխատանքներ եք  նախատեսում աշխատողների կարողությունների հզորացման ուղղությամբ:

-Կարևորում ենք աշխատանքի խորհրդատուների ինստիտուտի ներդրումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի խորհրդատուները կարիք ունեն մասնագիտանալու մեկ կամ մի քանի ոլորտներում: Աշխատանքի խորհդատուն չի կարող լինել որակյալ ու արդյունավետ, եթե նա ծածկում է տնտեսության բոլոր ոլորտները: Այսինքն՝ նեղ մասնագիտական խորհդատուների ինստիտուտ պետք է ձևավորել: Այս փուլում մտածում ենք ունենալ երկու ոլորտների հետ կապված աշխատանքի խորհրդատուների ինստիտուտ՝ սննդի վերամշակման և գյուղատնտեսության մասով, մյուսը տեքստիլ, թեթև արդյունաբերության ոլորտն է:

-Զբաղվածությանաշխատակիցների, խորհդատուների վերապատրաստումը մի հարց է, սակայն արդյո՞ք գործող ծրագրերն արդյունավետ են: Դրանց վերանայման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Նախ ասեմ, որ զբաղվածության պետական ծրագրերը մշակվել են Լիտվայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների փորձի հիման վրա: Կարծում եմ տեսակի ու բովանդակության առումով զբաղվածության ծրագրերը բավական լավն են: Մենք խնդիր ունենք աշխատաշուկայից եկող ազդակներին արագարձագանքելու և ըստ այդմ ծրագրերն ավելի հասցեական դարձնելու: Միգուցե, ֆինանսական հատկացումներն ավելացնելու անհրաժեշտություն կա, բայց ծրագրերի տեսակը և բնույթը, ընդհանուր առմամբ, հաջողված է: Որպես առաջին անգամ իրականացված ծրագիր՝ կցանկանայի հիշատակել դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը: Այստեղ արդեն ունենք նախատեսվածից կրկնակի ավել շահառուներ։ Սկզբում 200 շահառուի մասին էր խոսքը, սակայն վերջին տվյալներով արդեն ունենք 461 շահառու:

-Դուք նշեցիք, որ ծրագրերը լավն են, հիմնված են միջազգային փորձի հիման վրա, սակայն արդյունավետության առումով խնդի՞ր չեք տեսնում: Օրինակ, նշվում էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Աշխատատեղերի հարմարեցում» ծրագրով դիմելիությունը բավական քիչ է: Այսինքն՝ ծրագիրը կա, սակայն դրանից օգտվել ցանկացողներն են քիչ:

-Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում ներգրավվում են նաև գործընկեր այլ կազմակերպություններ՝ թե պետական և թե մասնավոր հատվածից։ Ասել, որ ծրագիրն արդյունավետ չէ, չէի համաձայնվի: Ծրագրին չդիմելու պատճառները բազմաթիվ են,  կարող են լինել անձնական, միգուցե աշխատաշուկան այս պահին մրցակցային, գրավիչ և մատչելի աշխատանքներ չի առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց:

-Աշխատաշուկայի շարժի հետ կապված ի՞նչ տվյալներ ունեք: Պահանջված մասնագիտությունների առնչությամբ աշխատաշուկայից ի՞նչ ազդակներ են գալիս:

-Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի  գործազուրկի կարգավիճակ: Հաճախակի իրականացվում են աշխատաշուկայի ուսումնասիրություններ, որպեսզի հասկանանք ազդակները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ:

-Նախարարությունը նախատեսում էր վերստեղծել Աշխատանքի տեսչությունն իր ամբողջական գործառույթներով: Ի՞նչ փուլում է ծրագիրը:

-Ինչպես գիտեք, 2013 թվականին Աշխատանքի տեսչությունը վերակազմակերպվեց և այսօր ՀՀ կառավարության ներքո գործում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Ներկայումս այն իրականացնում է վերահսկողություն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հարցերով։ Բացակայում է աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։   Այս բացը լրացնելու համար նախարարության կողմից մշակվել և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

-Ներկայում գերատեսչությունների օպտիմալացման գործընթաց է գնում և չի բացառվում, որ բազմաթիվ աշխատողներ գործազուրկ մնան: Զբաղվածության ծառայությունը որքանո՞վ է պատրաստ այս խնդրին:

-Նախ ասեմ, որ  օպտիմալացումը դեռ չի նշանակում գործազրկություն: Համենայնդեպս, Զբաղվածության պետական ծառայությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակել աշխատանքի տեղավորման հարցում։

-Միջազգային համագործակցության շրջանակումի՞նչ ծրագրեր կառանձնացնեք:

-Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ վերջերս «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի տեքստն ավարտին հասցրեցինք և արդեն պատրաստ ենք ստորագրելու: Դա քառամյա նոր ծրագիր է: Ծրագիրն ունի երեք հիմնական գերակա ուղղություններ՝ Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող       մեխանիզմների կատարելագործում, Զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում, Սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում:

Կցանկանայի նշել նաև, որ ստորագրվել է Բուլղարիայի հետ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման համաձայնագիրը: Այն ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հիմա քննարկում ենք դրա իրականացման  ընթացակարգերը: Սրանով մենք կնպաստենք երկու երկրների միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգմանը:Կացության իրավունքի հիման վրա նրանք արդեն կարող են աշխատել՝ առանց աշխատանքի թույլտվության: ԵՄ երկրներում մենք այդ սահմանափակումն ունենք, ոչ բոլոր երկրներում է, որ կացության իրավունքի հիման վրա Հայաստանի քաղաքացիները կարող են աշխատել: Առաջիկայում կձևավորվի հանձնաժողով, կհստակեցվեն, թե թափուր աշխատատեղերի դեպքում ինչ տիպի փաստաթղթեր են պետք, ինչ պայմաններով են քաղաքացիներն աշխատելու, ինչ տիպի աշխատանքային պայմանագրեր են լինելու և այլ հարցեր:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]