Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Ինչպիսի՞ն էր 2018թ.-ն Ադրբեջանի համար


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին Ադրբեջանի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականությունում տեղի ունեցան բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ. ստորև կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ դրանցից հատկանշականներին:

Ներքաղաքական իրադարձություններ

2018թ.-ին Ադրբեջանի ներքաղաքական կյանքում կարևոր իրադարձություն էր ապրիլին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները: Այս ընտրություններն անցկացվում էին 2016թ. ընդունված նոր Սահմանադրությամբ, որով նախագահի լիազորությունների ժամկետը սահմանված է 7 տարի։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են աշնանը, սակայն դրանց անցկացման ժամկետները փոփոխվեցին, և արտահերթ ընտրությունները նշանակվեցին գարնանը: Ադրբեջանում իշխող էլիտայի կողմից՝ ի դեմս Ալիևի, արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը թերևս կարելի է բացատրել մի քանի հանգամանքով: Նախ, նմանատիպ որոշման համար հիմք կարող էր ծառայել այն, որ գրեթե նույն ժամանակաշրջանում ընտրություններ էին անցկացվում նաև Ռուսաստանում և միջազգային հանրության ուշադրությունը սևեռված կլիներ հիմնականում հենց այդ ընտրությունների վրա։ Մյուս կողմից, դա պայմանավորված էր նաև այն փաստով, որ ադրբեջանական տնտեսությունը դրական միտումներ էր գրանցում, մանաթը փոքր-ինչ  կայունացել էր, իսկ նավթի գները բարձրացել։ Նման պայմաններում, երբ հասարակության շրջանում առկա դժգոհությունները համեմատաբար քիչ էին, ընտրություններ անցկացնելը շատ ավելի ձեռնտու էր։  Ստանալով ընտրողների ձայների 86%-ը՝ Ալիևը չորրորդ անգամ ընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում։ Սակայն ընտրություններն անցել են  մրցակցության բացակայության, բազմակարծության սահմանափակման և մի շարք իրավունքների ոտնահարման պայմաններում։ Այս մասին բարձրաձայնել են նաև տարբեր միջազգային դիտորդներ։ Մասնավորապես, միջազգային դիտորդական տարբեր առաքելությունների կողմից  հրապարակված զեկույցների  (ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԺՄԻԳ) համաձայն՝ նախագահական ընտրություններն անցել են մի շարք խախտումներով` պարտադիր ընթացակարգերի զանգվածային անտեսում, թափանցիկության բացակայություն և բազմաթիվ այլ լուրջ խախտումներ, այդ թվում՝ քվեատուփերի զանգվածային լցոնում:

2018թ. Ադրբեջանում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնք, հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար և փակ համակարգը, բավականին հետաքրքրական էին։ Ըստ էության, Ադրբեջանում տարվա ընթացքում  տեղի ունեցած բողոքի ցույցերն ունեին սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական բնույթ։ Հուլիս ամսին բավական ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել Գյանջա քաղաքում՝ մասնավորապես քաղաքապետի վրա կազմակերպված հարձակումը, ինչի արդյունքում ձերբակալվել էր այդ գործի հետ առնչություն ունեցող11 հոգի։ Սակայն քաղաքում իրավիճակը չէր հանդարտվել, ավելին հուլիսի 10-ին տեղի ունեցած  գրեթե 200 հոգանոց ցույցի արդյունքում սպանվել էին 2 ոստիկան և ձերբակալվել մոտ 40 հոգի։  Տեղի ունեցածի պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվել, սակայն առավել շատ քննարկվել է այն, որ միջադեպի հիմքում ընկած է կրոնական ծայրահեղականությունը, որն Ադրբեջանում, կարծես թե, սկսել  է ակտիվանալ։

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ցույցերից մեկի ժամանակ էլ ձերբակալվել էին ընդդիմադիր ուժերի ղեկավարներ՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին և «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար Ջամիլ Հասանլին։ Ըստ տարբեր տվյալների՝  նրանց հետ միասին ոստիկանական բաժանմունք էին տարվել  ավելի քան 50 մարդ։ Կալանավորման պատճառը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ընդդիմության կողմից քաղաքի փողոցներով երթի կազմակերպման փորձն էր․ այն պետք է կրկներ 1988թ. նոյեմբերի 17-ին Բաքվի պետական համալսարանի ուսանողների ուղին, որոնք փողոց էին  դուրս եկել` պահանջելով ապահովել Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ցույցի մասնակիցները քայլում էին դեպի «շեհիդների ծառուղի»՝ նշելու «Վերածննդի ազգային օրը»։ Ըստ էության, այս ցույցերի շրջանակներում ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում գտնվում էր Ղարաբաղյան հիմնախնդիրն, այդ թվում նաև «շեհիդների թեման»։ Այս ֆոնին Ադրբեջանում ցույցեր էին արել նաև «շեհիդների» հարազատները՝ բողոքելով, որ 90-ականներին սպանված զինվորականների փոխհատուցումը չի վճարվում։

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ դեպքերը այս տարի ևս հայտնվել են  միջազգային հանրության քննադատության թիրախում: ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներ ամառային նստաշրջանի շրջանակներում հանդես են  եկել հայտարարությամբ և քննադատել Ադրբեջանում իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն ու Եվրոպայի խորհրդում ստանձնած պարտականությունները չկատարելու պրակտիկան: Իսկ արդեն ավելի ուշ ԵԽԽՎ 25 անդամներ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որում անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և կոռուպցիային:

ԵԽԽՎ-ն ամառային նստաշրջանի ընթացքում ներկայացրել է նաև Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում քաղաքացիական հասարակության իրավունքների խախտման մասին զեկույց, որում անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Ադրբեջանում գրանցված խախտումներին՝ նշելով, որ չնայած Եվրոպայի խորհրդի՝ պաշտոնական Բաքվին ուղղված կոչերին՝ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները, և ընդունած բանաձևերին, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են դրանք անտեսել:

Այս տարի ևս Ադրբեջանում ձերբակալվել են  բազմաթվ լրագրողներ: Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) հրապարակել է 2018թ. ձերբակալված լրագրողների վերաբերյալ զեկույց, որում անդրադարձ է կատարված նաև Ադրբեջանին: Մասնավորապես նշվել է, որ տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է  10 լրագրող (ըստ հրապարակված զեկույցի` ամենաշատ լրագրողներ ձերբակալվել են Թուրքիայում (68 լրագրող), Եգիպտոսում (25), Չինաստանում (47)): Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի 2018թ-ի տվյալների՝ Ադրբեջանում կա մոտ 161 քաղբանտարկյալ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ադրբեջանում ընտրությունների արդյունքում չորրորդ անգամ նախագահ դարձած Ալիևը շարունակում է երկրում բռնաճնշումների քաղաքականությունն, ինչն արժանանում է միջազգային տարբեր կառույցների կողմից քննադատության, սակայն դրանք գրեթե միշտ անտեսվում են գործող իշխանությունների կողմից։

Արտաքին քաղաքական իրադարձություններ

2018թ.-ին Ադրբեջանը շարունակել է զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային տարբեր ձևաչափերով բազմակողմ համագործակցությունը՝ փորձելով այդ թվում՝ առաջ տանել իր կողմից որդեգրված մեկուսացման քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

 Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա  եռակողմ համագործակցության ձևաչափով շարունակել են տարբեր մակարդակներով (արտգործնախարարների, պաշտպանության նախարարների) հանդիպումները, որոնց արդյունքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, արտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունված Ստամբուլյան հռչակագրում (2018թ. հոկտեմբերի 29) կարևորվել է դեռևս նախորդ տարի կնքված «2017-2019թթ. Գործողությունների ծրագրի» հետևողական իրականացումը, իսկ անդրադառնալով հակամարտություններին՝ մասնավորապես Ղարաբաղյան հակամարտությանը, նշվել է «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմամբ հակամարտության լուծման անհրաժեշտությունը»։  Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երեք երկրներն ակտիվորեն աշխատում են ռազմավարական բնույթի նոր ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ։ Ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության խորացման տեսանկյունից ուշագրավ է ապրիլի 1-ին պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կնքված  նոր ռազմական գործարքը, որն ուղղված է պաշտպանության ոլորտում փոխգործակցության խորացմանը։ Եռակողմ ձևաչափով համագործակցության կարևոր ուղղություններից է նաև էներգետիկ ոլորտը։  Այս տարի տեղի է ունեցել էներգետիկ խողովակաշարերի պաշտպանությանն ուղղված «Հավերժություն 2018» զորավարժությունը, իսկ Էսկիշեխիրում կայացել է Տրանսանատոլիական գազատարի գործարկման արարողությունը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որով ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի միջոցով մատակարարվելու է եվրոպական երկրներին՝ մեծացնելով այս տարածաշրջանի  տարանցիկ նշանակությունը:

Բազմակողմ համագործակցության համատեքստում հատկանշական է 2018թ. մարտի 15-ին Բաքվում կայացած Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առաջին քառակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ էության, այս քառակողմ ձևաչափի նախաձեռնությունը գալիս է ադրբեջանական կողմից։ Հանդիպման շրջանակներում ստորագրվել է Հնդկական օվկիանոսի և  Եվրոպայի միջև տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու նախագծերի մասին համաձայնագիր:

Ադրբեջան-Իրան-Թուրքիա  ձևաչափով այս տարի հոկտեմբերին տեղի է ունեցել  երեք երկրների արտգործնախարարների 6-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները և տարածաշրջանային տարբեր հիմնահարցեր։ Կարևորելով այս տարածաշրջանի համար Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը՝ որոշվել է միմյանց միջև առևտուրն իրականացնել տեղական արժույթով: Հանդիպման ընթացքում ընդունված Ստամբուլյան հռչակագրում «կողմերը կոչ են արել տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով` հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»:

Տարածաշրջանային համագործակցության  մյուս ՝ Ադրբեջան-Ռուսաստան-Իրան եռակողմ ձևաչափով համագործակցությունը միտված է 3 երկրները էներգետիկ և տրանսպորտային միջանցք դարձնելուն և ունի առավելապես տնտեսական բնույթ։ Հետաքրքրական է, որ այս ձևաչափով տեղի ունեցած երկրորդ հանդիպմանը որոշվել էր 2018թ.-ին նույնպես անցկացնել նախագահների մակարդակով հանդիպում, ինչը մինչ այժմ չի կայացել։

 

Ադրբեջան-Ռուսաստան։ 2018թ.-ին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև  տարբեր մակարդակներով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, բավականին շատ լուսաբանվել է Ալիևի պաշտոնական այցը Ռուսաստան, որի շրջանակներում նշվել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ։ Հանդիպման ընթացքում կնքվել են տարբեր փաստաթղթեր հումանիտար, տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ և այլն։ Այս այցին հաջորդել է արդեն Պուտինի աշխատանքային այցն Ադրբեջան՝ մասնակցելու Ադրբեջան-Ռուսաստան միջտարածաշրջանային ֆորումին և ներկա գտնվելու ձյուդոյի աշխարհի առաջնությանը։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից հատկանշական է Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ օգոստոսին ստորագրված համաձայնագիրը, որը կարող է նպաստել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության  խորացմանը։

 

Ադրբեջան-Թուրքիա։ 2018թ.-ին Ադրբեջանն ու Թուրքիան շարունակել են ամրապնդել իրենց հարաբերությունները։ Երկուստեք երկկողմ հարաբերությունները բնութագրվել են որպես ամենաբարձր մակարդակի վրա գտնվող։ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր ոլորտներում փորձում են սերտացնել իրենց հարաբերությունները։ Այս առումով հատկանշական է 2018թ.-ի հոկտեմբերին Թուրքիայում ադրբեջանական SOCAR-ի աջակցությամբ STAR նավթամշակման գործարանի բացումը, որը մի նոր խթան է  երկու երկրների տնտեսական համագործակցության համար։

Ադրբեջան-Իսրայել։ Խոսելով 2 երկրների միջև հարաբերությունների մասին, պետք է նշել, որ   հակաիրանական տրամադրությունների մեծացմանը զուգահեռ զարգանում է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները:  2018թ.-ին այս երկրների միջև տեղի են ունեցել տարբեր մակարդակի հանդիպումներ: Դրանցից հատկանշական է Իսրայելի պաշտպանության նախարարի 5-օրյա այցը Ադրբեջան, որն, ըստ էության, միտված էր ռազմական ոլորտում համագործակցության խորացմանը: Այս երկրները համագործակցում են տնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, ռազմաարդյունաբերական ոլորտներում: Իսրայելը հանդիսանում է ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից մեկը, իսկ Ադրբեջանն, իր հերթին, հանդիսանում է իսրայելական զենքի հիմնական գնորդներից մեկը (ըստ SIPRI տվյալների՝ 2017թ.-ին Ադրբեջանը եղել է իսրայելական զենքի գնորդների ցուցակում երրորդը):

Ադրբեջան-ԵՄ։ Տարեսկզբին ԵՄ-Ադրբեջան Համագործակցության խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել ԵՄ բարձր հանձնակատար Ֆ. Մոգերինիի և Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովի միջև հանդիպումը, որը  միտված էր ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ակտիվացմանը։ Հուլիսին կողմերը համաձայնեցրին «ԵՄ-Ադրբեջան համագործակցության առաջնահերթությունների» վերաբերյալ փաստաթուղթն, ինչը սահմանում է գալիք տարիներին երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված առաջնահերթությունները։ Միևնույն ժամանակ, ԵՄ կողմից շարունակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ քննադատությունները։ Հատկանշական է, որ Եվրոպական պառլամենտի կողմից հուլիսի 4-ին ընդունված բանաձևում նշվում է, որ ԵՄ կշարունակի ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, բայց ոչ այնտեղ մարդու իրավունքների խախտումների անտեսման հաշվին։ Ըստ էության, խորհրդարանականները  փաստում են, որ համաձայանգիր չեն կնքի այն երկրի հետ (այս դեպքում՝ Ադրբեջանի հետ), որտեղ չեն հարգվում ԵՄ հիմնական արժեքներն ու իրավունքները։

Ադրբեջան-ԱՄՆ։ Երկու երկրների միջև երկկողմ մակարդակում շփումներում նկատվել է ակտիվություն, սակայն շոշափելի տեղաշարժեր չեն գրանցվել։ Տարին հագեցած էր տարբեր մակարդակի փոխայցելություններով։ Նրանց մեջ թերևս կարելի է առանձնացնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Ադրբեջան, որի ընթացքում վերջինս ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները բնութագրեց որպես ռազմավարական կարևորության հարաբերություններ։ Այնուամենայնիվ, պարբերաբար ԱՄՆ օրենդիրների կողմից հնչում են տարբեր քննադատություններ Ադրբեջանի նկատմամբ, որը հիմնականում վերաբերում է այնտեղ տիրող ներքաղաքական իրադրությանը։  

Այսպիսով, 2018թ.-ին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով Ադրբեջանը կայուն կերպով զարգացրել է հարաբերությունները իր հիմնական գործընկերների հետ։

Ամփոփելով 2018թ.-ին Ադրբեջանում տեղի ունեցած ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունները՝ կարող ենք նշել, որ մի կողմից երկրի ներսում  շարունակվում է իշխանությունների բռնաճնշումների քաղաքականությունը, մյուս կողմից  փորձ է կատարվում արտաքին աշխարհում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով զարգացնել հարաբերությունները տարբեր երկրների հետ։

 

Աննա Չիչյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ